Եգիպտոսի արտգործնախարարը վերջին տասնամյակում առաջին անգամ մեկնել է Սիրիա
Եգիպտոսի արտգործնախարարության ղեկավար Սամեհ Շուքրին այսօր պաշտոնական այցով ժամանել է Սիրիա. սա Եգիպտոսի ԱԳ նախարարի առաջին այցն է վերջին տասնամյակում:
Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Ահմեդ Աբու Զեյդի տարածած հայտարարության համաձայն՝ «Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադը դիմավորել է Շուքրիին… կողմերը ներկայում բանակցություններ են վարում»։
Այսօր նաև նախատեսված է Եգիպտոսի արտգործնախարարի այցը Թուրքիա։ Ինչպես ավելի վաղ հաղորդել է Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը, Շուքրին մտադիր է հայտնել «Եգիպտոսի համերաշխությունը երկու երկրներին և եղբայրական ժողովուրդներին փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը հանգեցրեց մեծ կորուստների»։
«Սպասվում է, որ արտաքին գործերի նախարարը Սիրիայում և Թուրքիայում իր հանդիպումներում կհաստատի Եգիպտոսի պատրաստակամությունը՝ օգնություն և օժանդակություն ցուցաբերելու երկու երկրների՝ աղետի ենթարկված շրջաններում տուժածներին», – ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:
Սիրիական հակամարտության ընթացքում Կահիրեի և Դամասկոսի միջև բարձր մակարդակի հարաբերությունները դադարեցվել Էին։ 2014 թ.-ին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի ընտրվելուց հետո պետությունների ղեկավարների առաջին զրույցը տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 7-ին՝ տարերային աղետից անմիջապես հետո: