Բաժիններ՝

Երևանի մնջախաղի պետական թատրոնը երկու ներկայացմամբ կմասնակցի «Թատրոնի մարդ» միջազգային փառատոնին

Երևանի մնջախաղի պետական թատրոնը ռեժիսոր և դերասանուհի Նաիրա Եդիգարյանի «Դեպի ներս» մոնոներկայացմամբ և Արսեն Խաչատրանի «Օֆլայն» պսիխոդրամայով կմասնակցի Չելյաբինսկում կայանալիք «Թատրոնի մարդ» (Человек театра) 10-րդ միջազգային փառատոնին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փառատոնին հրավիրված ժյուրիի անդամներից է:

Նրա խոսքով՝ «Դեպի ներս» և «Օֆլայն» ներկայացումներն արդիական են և հարմար են «փոքր չափերի թատրոն» ասված փառատոնի համար: Երկու բեմադրությունն էլ հանդիսատեսին կներկայացվեն մարտի 3-ին Չելյաբինսկի նոր գեղարվեստական թատրոնում:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ներկայացրած բեմադրությունները երիտասարդական են և ժամանակակից լուծումներով, կարծում եմ, որ այնտեղ մեծ հետաքրքրությամբ կդիտվեն»,-նշում է Դադասյանը:

«Դեպի ներս» ներկայացման մեջ կին գայլը չգիտի՝ գայլի՞ց է մարդու վերածվել, թե՞ մարդուց գայլի. այնքան վաղուց է կորցրել սեփական դեմքը, որ մտածում է՝ արժանի չէ նույնիսկ իր բաժին լույսին։ Ինքնամաքրման ճանապարհի որոնումները տարբեր են՝ մինչև իսկ սեփական դահիճը դառնալու փորձը։ Բայց պետք է գնալ «դեպի ներս», ամեն ինչ սկսել նորից, հաշտվել ինքդ քեզ հետ, բաց չթողնել քո լույսը և ապրել, ապրել ու ապրել: Ներկայացման նկարչական ձևավորումը` ՀՀ վաստակավոր նկարիչ Անժելա Գալստյանի, Աղասի Մելքոնյանի:

«Օֆլայն» պսիխոդրաման այն մասին է, թե որքան ենք հեռացել օֆլայն կյանքից և, անդադար օնլայն լինելով, չենք նկատում ամենակարևորը. մենք կորցրել ենք իրար զգալու հատկությունը: Ներկայացման հերոսները փորձում են ցույց տալ՝ որքան վտանգավոր կարող է լինել անկենդան շփման քառակուսու մեջ հայտնվելն ու փնտրում են դեպի իրական կյանք և հույզեր տանող ելքեր: Ռեժիսորն Արսեն Խաչատրյանն է, ներկայացման մեջ զբաղված են Կարեն Խաչատրյանը, Լուիզա Մելքոնյանը, երաժշտական ձևավորումը՝ Հայկ Կարոյի:

Միջազգային փառատոնին թատրոնի մասնակցությանն աջակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս