Ալեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, շնորհավորելով արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը վստահություն է հայտնել, որ նրա առաքելության իրականացման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ընդլայնվել:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կյանքում, իսկ հայ-ամերիկյան երկխոսությունը կրում է ռազմավարական բնույթ:
Ալեն Սիմոնյանը կարևորել է ԱՄՆ օժանդակությունը մեր երկրում իրականացվող համակարգային բարեփոխումներին, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:
Կողմերն անդրադարձել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին՝ մտահոգություն հայտնելով արցախահայության շրջանում առաջացած հումանիտար աղետի վերաբերյալ: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլերից է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցվում է իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով: Նա շեշտել է, որ որոշման իմպլեմենտացիայի հարցում Միացյալ Նահանգները կարող է որոշիչ, ծանրակշիռ դեր ունենալ:
Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ճնշման ավելացման անհրաժեշտության մասին, այդ թվում՝ պատժամիջոցների հնարավոր կիրառման շուրջ:
ՀՀ ԱԺ նախագահը, եզրափակելով խոսքը, նշել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ, որդեգրել է ժողովրդավարության ուղին եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին: