ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լաչինի միջանցքի իրավիճակը
Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոջիչը հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպմանը քննարկում է եղել նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Ադրբեջանը, կեղծ բնապահպանական պատճառներ բերելով, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից շրջափակել է Արցախը Հայաստանին ու ողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ Արցախում հարուցելով հումանիտար ճգնաժամ: Հայաստանն այս հարցով դիմել էր նաև Արդարադատության միջազգային դատարանին: Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: