Դանակահարություն՝ Շիրակի պետական համալսարանի տարածքում. ՇՊՀ-ում տիրող «բարդակի» հերթական դրսևորումը
Փետրվարի 23-ին գյումրեցի լրագրող Հրաչ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ, ըստ Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ուսանողների կողմից շրջանառվող լուրերի՝ բուհ-ում ուսանող են դանակահարել:
«Ինչպես սպասվում էր, դանակահարողը բուհից չի եղել, այլ էն հարյուրավոր մարդկանցից, որ ամեն օր պպզում, ծխում ու ազատ ելումուտով տուրեր են կազմակերպում բուհի ներսում: Իհարկե, բազար ու մայլի խաչմերուկ հիշեցնող բուհից ավելին չէր կարելի սպասել, ուր ռեկտորի աթոռին բազմել է անձ, որը, խոսքի ուղիղ իմաստով, լավագույն դեպքում ճոճվում, իսկ մշտապես պառկած է բազկաթոռին… Կեցցե այն կրթական մակարդակը, որը էս տեմպերով դժվար թե գա…»,- գրել էր լրագրողը:
Լրագրողի գրառման ներքո տեղ գտած մեկնաբանությունների մեջ երկու ուշագրավ գրառման հանդիպեցինք:
Դրանցից մեկը բուհ-ի ուսանող Անի Քոչարյանն էր կատարել, ով հերքել էր, որ դանակահարություն է եղել:
Ի դեպ, Անի Քոչարյանը Շիրակի նախկին մարզպետ, Նիկոլ Փաշինյանի ներկայիս օգնական Նազելի Բաղդասարյանի հարսն է՝ եղբոր կինը:
Մյուս գրառման հեղինակը ՇՊՀ ուսխորհրդի նախագահ Գևորգ Ղուկասյանն է: Նա ըստ էության հաստատել է դանակահարության դեպքը:
Ոստիկանությունից 168.am-ի այն հարցին՝ արդյոք ոստիկանությունը ՇՊՀ տարածքում փետրվարի 22-ին դանակահարության դեպք արձանագրե՞լ է, պատասխանեցին՝ այո՛, մարմնական վնասվածք հասցնելու դեպք արձանագրվել է, որով զբաղվում է Քննչական կոմիտեն:
168.am-ին ՇՊՀ-ի տարածքում տեղի ունեցած դանակահարության դեպքից որոշակի մանրամասներ են հայտնի դարձել:
Դանակահարվողը 2002թ. ծնված Կ. Հ.-ն է, Գյումրիի բուլվարային թաղամասից: Այս պահին բուժում է ստանում Գյումրի բժշկական կենտրոնում՝ ազդրի ծակած վերք և մի քանի այլ վնասվածքներով:
Հուսանք՝ այս գործը չի կոծկվի, և չեն հայտարարի, որ, օրինակ, ծեծ եղել է, իսկ դանակահարություն՝ ոչ, որովհետև այդ օրը դանակահարության մեկ դեպք է արձանագրվել, մեկ հոգի է տեղափոխվել բժշկական կենտրոն, և այդ անձը եղել է վերոնշյալ Կ.Հ.-ն:
Իրականում դեպքը խայտառակ է այն առումով, որ փաստացի բուհ-ում այնպիսի բարձիթողի իրավիճակ է, որ չեն խորշում ու վախենում ու դանակահարությամբ ուղեկցված ծեծկռտուք են կազմակերպում Շիրակի պետական համալսարանի տարածքում:
Ի դեպ, տեղեկացանք, որ բուհ-ն անվտանգությունն ապահովող որևէ ծառայությունից չի օգտվում՝ ոչ մասնավոր պահնորդական, և ոչ էլ պետական, մինչդեռ բուհ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը պետք է որ անհանգստանար իր ղեկավարության ներքո գտնվող ուսումնական հաստատության ուսանողների անվտանգության և, ինչո՞ւ ոչ, նաև սեփական հեղինակության հարցերով և գումար հատկացներ այդ ծառայությունից օգտվելու համար: Փաստացի բուհ-ի պաշտպանությունը 2-3 պահակի հույսին է:
«Այդ օրը մինչև 4-5-ը արյան հետքերը բուհ-ի բակից մինչև դուրս՝ ավտոկայանատեղի տարածված էին: Էլ չենք խոսում այն մասին, որ կռիվը սկսվել է բուհ-ի ներսից: Ներսում են իրար քաշքշել, հետո դուրս են եկել, որտեղ էլ և տեղի է ունեցել դանակահարությունը, բակի ներսում»,- ասաց ՇՊՀ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը:
Ինչ խոսք, սա ՇՊՀ-ի համար նոր «բարձունք» է: Հերիք չէր ֆեյք ուսանողներ պահելու սկանդալը, բուհ-ը պայմանական 2 տարով հավատարմագրելու աղաղակող խայտառակությունը, ներսի անառողջ մթնոլորտը, բազմաթիվ այլ ապօրինություններ, որի վերաբերյալ 168.am-ը տասնյակ հրապարակումներ է կատարել, հիմա էլ ՇՊՀ տարածքում արդեն մարդ են դանակահարում: