
Փաշինյանը կասկածում է, որ արտահոսքը եղել է իշխանության ներսից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագրին առնչվող փաստաթղթի՝ Արմեն Աշոտյանի կողմից հրապարակայնացնելը բուռն քննարկումների առարկա է դարձել հատկապես իշխանական ու մերձիշխանական շրջանակներում: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, այս գաղտնազերծումը սարսափելի նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին, ու չնայած Աշոտյանն ակնարկում է, որ փաստաթուղթն իրեն է փոխանցվել Բրյուսելից, այդուամենայնիվ, Փաշինյանը կասկածում է, որ արտահոսքը եղել է իշխանության ներսից:
Հասկանալի է, որ թե՛ ԱԳՆ-ում, թե՛ պետական կառույցներում դեռևս կան մարդիկ, որոնց համար ազգային խնդիրները գերակա են, և Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներքին քննություն անցկացնել՝ պարզելու, թե ով կամ ովքեր կարող էին ինֆորմացիոն նման արտահոսք կազմակերպել: Զուգահեռաբար, մեր տեղեկություններով, հանձնարարվել է՝ Աշոտյանին, այսպես ասած, մեկուսացնելու միջոցներ կիրառել:
Այնպես որ, չի բացառվում, որ նշյալ փաստաթղթի հրապարակայնացումը համբերության բաժակի վերջին կաթիլը լինի ու դառնա նրան քաղաքական ասպարեզից չեզոքացնելու՝ ուժայիններին տրված հրահանգը լիովին կյանքի կոչելու առիթ: Ի դեպ, ուշագրավ է, որ իշխանությունները այս օրերին հերքեցին, որ այդ փաստաթղթի շուրջ բանակցություններ վարվել են, սակայն որևէ հերքում չեղավ այն մասին, որ նման փաստաթուղթ գոյություն ունի և այն դրվել է Փաշինյանի սեղանին»: