Ստոլտենբերգը հաստատել է Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերի շուրջ Թուրքիայի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու պլանները
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ պայմանավորվածությունների շրջանակներում պահպանվում են մարտի կեսերին Բրյուսելում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի շուրջ եռակողմ հանդիպում անցկացնելու պլանները: Նման հայտարարություն Ստոլտենբերգն արել է Տալլինում կայացած մամուլի ասուլիսում։
«Անցյալ շաբաթ մենք լավ հանդիպում ենք անցկացրել նախագահ Էրդողանի հետ: Պայմանավորվել ենք վերսկսել բանակցությունները և մարտի կեսերին եռակողմ հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ անցած հունիսին Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրի իրագործման շուրջ», – ասել է Ստոլտենբերգը։
Նա պարզաբանել է, որ այդ բանակցություններն ուղղված են լինելու Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու գործընթացն ավարտին հասցնելու հարցի ուսումնասիրմանը։ Ստոլտենբերգը նաև հավելել է, որ Թուրքիան դրականորեն է վերաբերվում Ֆինլանդիայի անդամակցությանը, սակայն դեռևս կան որոշ չլուծված հարցեր՝ կապված Շվեդիայի հայտի հետ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ Հունգարիան պլանավորում է հաջորդ շաբաթ սկսել այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արձանագրությունների հաստատման գործընթացը (հայտերը չեն վավերացրել միայն Հունգարիան և Թուրքիան)։ Ֆինլանդիան և Շվեդիան դաշինքին միանալու հայտը ներկայացրել են 2022 թ. մայիսին, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ նրանցից պահանջելով քրդական կազմակերպություններն ահաբեկչական հայտարարել, ինչպես նաև արտահանձնել ահաբեկչության կամ 2016 թ.-ի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող անձանց։
Հունիսի 28-ին Մադրիդում, նախքան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկը, հուշագիր էր ստորագրվել երեք երկրների միջև:
Փաստաթուղթն այս երկու պետություններին թույլ է տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին՝ նշված պայմանների կատարման դեպքում։ Հունվարի վերջին Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանն այրելու պատճառով Թուրքիայի և Շվեդիայի միջև մեծ սկանդալ էր ծագել։
Էրդողանը հայտարարել էր, որ Ստոկհոլմում հակաթուրքական գործողություններից հետո Շվեդիան չպետք է ակնկալի, թե Անկարան կաջակցի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտին։