Շրջափակված Արցախի շրջափակված գյուղատնտեսությունը. մանրամասնում է Գյուղատնտեսության նախարարը

Ադրբեջանական շրջափակումն Արցախի տնտեսության ինչպես բոլոր ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության վրա իր բացասական հետքն է թողել:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը՝ հավելելով, որ պայմանավորված հիմնականում բենզինի և դիզվառելիքի սղությամբ՝ գյուղատնտեսական բոլոր աշխատանքները վաղուց դադարեցվել էին և միայն վերջերս են մեկնարկել:

«Փորձել ենք դիզվառելիք տնտեսել, ինչի շնորհիվ պահուստային ֆոնդից այս պահին այն տրամադրում ենք հողօգտագործողներին, որպեսզի կարողանան իրականացնել գարնանացանի աշխատանքները»,-մանրամասնեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ ներկայում հիմնականում իրականացվում են գարնանացանի աշխատանքներ՝ տրամադրում են սերմեր ու դիզվառելիք, կարգավորում են բենզինի հետ կապված խնդիրները: «Գյուղատնտեսական այն բոլոր աշխատանքները, որոնք ունեն սեզոնային բնույթ, պահպանվում են: Կարող եմ հստակ ասել, որ դիզվառելիքի սղության հետևանքով գյուղատնտեսական, մասնավորապես հողագործության հետ կապված ոչ մի աշխատանք չի տուժել: Շրջափակման հենց սկզբից վառելիքի մասով որոշ սահմանափակումներ են եղել, որպեսզի կարողանանք տնտեսել հետագա աշխատանքների համար»,-պարզաբանեց նախարարը:

Նրա խոսքով, այն հողօգտագործողները, ովքեր չեն հասցրել աշնանացան մշակաբույսերի ցանքսն ավարտին հասցնել, մնացած հողամասերը կարող են ներառել գարնանացանի տակ՝ օգտվելով համապատասխան ծրագրերից: Հողօգտագործողների ներկայացրած հայտերի հիման վրա արդեն մեկնարկել է գարնանացանի համար անհրաժեշտ դիզվառելիքի և սերմացուների տրամադրումը:

Մինչ այդ դիզվառելիք և բենզին տրամադրվել է այն ջերմոցներին, որոնք ջեռուցվում էին և ունեին գեներատորներ:

Նախարարի հավաստմամբ՝ կտրամադրվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի հողօգտագործողները կարողանան աշխատանքները կատարել: Գարնանացանի համար իրականացվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսությամբ զբաղվելու, հող մշակելու ցանկություն հայտնող բոլոր անձանց տրամադրվում են գրեթե բոլոր տեսակի բանջարաբոստանային և այլ համապատասխան սերմացուներ՝ ըստ հեկտարի և գործողությունների սահմանված չափերով:

«Նախկինում այս ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ էր ունենալ 0,5 հեկտար հողատարածք, այժմ՝ 0,1 հա: Խոսքը վերաբերում է բանջարաբոստանային մշակաբույսերին, իսկ մյուսների դեպքում ավելի մեծ տարածքներ են անհրաժեշտ, քանի որ նպատակահարմար չէ 1000 կամ 2000 քառակուսի մետրի վրա, օրինակ հնդկացորեն ցանել»,-ընդգծեց Գյուղատնտեսության նախարարը:

Անդրադառնալով ջերմոցային տնտեսությունների հարցին, մեր զրուցակիցը փաստեց, որ Հայաստանից Արցախ գազամատակարարման պարբերական խափանումներն Ադրբեջանի կողմից լուրջ խնդիրներ են առաջացրել գազով ջեռուցվող ջերմոցների տնտեսվարողների համար:

«Մարդիկ հաճախ են բարձրաձայնում, որ ջեռուցվող որոշ ջերմոցներում ներկայում բանջարեղեն չի մշակվում: Խնդիրը պայմանավորված է նրանով, որ տնտեսվարողները ժամանակին առնչվել են գազի անջատման հետ, ինչի հետևանքով վնասվել են սածիլները և այլն: Այդուհանդերձ, ջերմոցային տնտեսությունների վերաբերյալ ծրագիրը շարունակվում է և փորձում ենք ավելի բարելավվել՝ առավել հարմար պայմաններով, ուղղվածությունն ու շեշտը դնելով հիմնականում ջեռուցվող ջերմոցների վրա»,-պարզաբանեց գյուղոլորտի ղեկավարը՝ նշելով, որ ջերմոցների քանակն Արցախում քիչ չէ, սակայն պակասում են ջեռուցվողները: Նախարարի հավասմամբ, առաջիկա օրերին ջեռուցվող ջերմոցներում մշակվող բանջարեղենի որոշակի խմբաքանակ արդեն շուկայում կլինի:

Այս ընթացքում բավականին տուժել է նաև անասնաբուծության ճյուղը. անասնակերի պակասի պատճառով ֆերմերները ժամանակից շուտ են իրականացնում կենդանիների մորթը: Բացի այդ, շուկայում տավարի մսի պակաս է նկատվում, որը նախարարի պարզաբանմամբ, առաջացել է պատերազմից հետո՝ արոտավայրերի և անասնագլխաքանակի կորստի պատճառով: Շրջափակման պայմաններում գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնած Հրանտ Սաֆարյանն առաջնահերթություն է համարում պարենային անվտանգությունն ապահովումը:

«Այս առումով կուտակված փորձ արդեն կա, ուղղակի պետք է ավելի շատ ներդրումներ կատարել: Պարենային ինքնաբավությունից, ճիշտն ասած, դեռ հեռու ենք: Մեկ տարում չենք կարող դրան հասնել, ժամանակ է պետք: Այսօր գյուղատնտեսության ոլորտում պահանջվող համապատասխան ներդրումները կատարելու դեպքում, կարծում եմ, երկու-երեք տարում կարող ենք լավ արդյունքներ ունենալ»,-համոզմունք հայտնեց գերատեսչության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ փոփոխվել են որոշ ծրագրեր, ընդլայնվել՝ արտոնություններ, ինչի արդյունքում հողօգտագործողներն առաջիկայում կզգան նախարարության աջակցությունը, իսկ անասնապահության ճյուղում կփորձեն ծրագիր մշակել՝ կերի ու կորուստների խնդիրները ինչ-որ կերպ լուծելու համար:

Տեսանյութեր

Լրահոս