Որտե՞ղ է կառուցվելու արդարադատության թաղամասը. մանրամասնում է փոխնախարարը
Կառավարությունում երկար ժամանակ քննարկվող արդարադատության թաղամաս կառուցելու նախաձեռնությունը մտել է գործնական փուլ: Վարչապետի կողմից հանձնարարական է տրվել բոլոր գերատեսչություններին, որոնց տեղակայումը թաղամասում նախատեսված է, կատարել գույքագրում, ներկայացնել անշարժ գույքի, գրասենյակային տարածքի և այլ հարցերի վերաբերյալ իրենց պահանջները: Նախատեսված է մի շարք ուղղություններով ուսումնասիրել թաղամասի կառուցման տարածքը՝ իրավական, գեոդեզիական, քարտեզագրման, տեղակայման վայրի և այլ հարցերի վերաբերյալ, որպեսզի պատրաստ լինի ամբողջական պատկերը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը նշեց, որ արդարադատության թաղամասի կառուցումն ունի մի քանի նպատակ: Դրանցից մեկն այն է, որ ոլորտի գերատեսչությունները մեկ վայրում կենտրոնացնելով՝ առավել արդյունավետ դարձնեն աշխատանքը: Նախ հեշտացվում է գերատեսչությունների առօրյա գործառույթների իրականացումը, ինչպես նաև նրանց հետ շփվող քաղաքացիների սպասարկումը: Մյուս խնդիրն այն է, որ այդ մեծ համալիրը կառուցվի Երևանի ծայրամասերում գտնվող առավել քիչ զարգացում ունեցող թաղամասերից մեկում:
«Այն իր հետ բերելու է մուլտիպլիկացիոն էֆեկտ տնտեսական սոցիալական ու ենթակառուցվածքների զարգացման առումով: Մյուս կողմից էլ գիտենք, որ մեր իրավապահ մարմինների շատ գերատեսչություններ գտնվում են փոքր կենտրոնում: Ահա այս թաղամասի ստեղծմամբ կբեռնաթափվի նաև մայրաքաղաքի կենտրոնը»,-ասաց Արա Մկրտչյանը:
Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ արդարադատության թաղամասի կառուցման համար քննարկվում է Նուբարաշենը՝ դիտարկելով մոտ 230 հա հողատարածություն: Ներկայում նախատեսվում է նոր թաղամաս տեղափոխել հետևյալ կառույցները՝ ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ գլխավոր դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն, քրեակատարողական նոր հիմնարկները, հակակոռուպցիոն դատարանները, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, պետական ռեգիստրը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, Փաստաբանների պալատը և այլն:
«Դե պատկերացրեք, որ մեկ տեղում գտնվում են այդքան գերատեսչություններ, որքան հարմար ու արդյունավետ կլինի աշխատանքը: Գործողությունները կատարելու համար հարկ չի լինի քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց երկար ճանապարհ տեղափոխել: Բոլոր առումներով գործառույթների իրականացումը կդյուրացվի»,-ասաց Արա Մկրտչյանը՝ ավելացնելով, որ չեն սահմանափակվելու միայն արդարադատության ոլորտի և իրավապահ մարմիններին գերատեսչությունների շենքերի կենտրոնացմամբ: Հնարավորության դեպքում կառավարման համակարգի մյուս գերատեսչությունները ևս կտեղափոխվեն:
Թե ինչ ժամկետներում է իրականացվելու գործընթացը, դեռ պարզ չէ: Նախարարի տեղակալը նշեց, որ երբ պատրաստ կլինի գլխավոր հատակագիծը, շինարարության պլանավորման նոր ժամկետները կհստակեցվեն: Ամեն դեպքում խնդիր է դրված իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում:
Հեղինակ՝ Աննա Գզիրյան