![](/banners/BeFunky-design.jpg)
Ծառայության ընթացքում սմարթ հեռախոսներ օգտագործող կարգազանց զինծառայողները ենթարկվելու են պատասխանատվության. ՀՀ ՊՆ
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-800.jpg)
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած մեծածավալ գործողությունների արդյունքում հայտնաբերվել, ՌՈ բաժիններ են տեղափոխվել ՀՀ ԶՈւ մի շարք պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներ, որոնք, խախտելով ՀՀ ՊՆ N հրամանը, օգտագործել են սմարթ հեռախոսներ, զինվորական ծառայության առօրյայից լուսանկարներ են ներբեռնել համացանց: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալ զինծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության:
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը զինծառայողներին մշտապես հորդորում է զերծ մնալ արգելված իրեր պահելուց, մասնավորապես` սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ:
Չնայած այս հորդորներին, այնուամենայնիվ, շարունակելով զորամասերում ամենօրյա հետևողական աշխատանքները, ռազմական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերում են սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ և այլ արգելված պարագաներ:
Զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ կոչ ենք անում զինծառայողների ծնողներին, ընկերներին սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ չփոխանցել զինվորներին:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ զինծառայողների շրջանում հայտնաբերված սմարթֆոն տեսակի հեռախոսները զինծառայողներին վերադարձվելու են միայն ժամկետային զինվորական ծառայությունն ավարտվելուց հետո:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու նմանօրինակ դեպքերի բացառմանը և կարգազանց զինծառայողներին ենթարկելու է պատասխանատվության»,- ասված է հաղորդագրության մեջ: