Չինաստանը հրապարակել է իր դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ
Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից մեկ տարի անց Չինաստանի ԱԳՆ-ն հրապարակել է իր դիրքորոշումն ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ։
12 կետերից բաղկացած իր դիրքորոշման առաջին կետում Չինաստանը նշում է, որ պետք է հարգել միջազգային իրավունքը և երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքը։
Երկրորդ կետում Չինաստանը կոչ է անում «հրաժարվել սառը պատերազմի մտածելակերպից»:
«Երկրի անվտանգությունը չի կարող ապահովվել այլոց անվտանգության հաշվին: Տարածաշրջանի անվտանգությունը չպետք է ապահովվի ռազմական բլոկների ամրապնդմամբ կամ ընդլայնմամբ», – ասվում է հաղորդագրությունում։
Պեկինը նշում է, որ կողմերը չպետք է հետամուտ լինեն սեփական անվտանգությանը՝ ուրիշների անվտանգության հաշվին, պետք է կանխեն ռազմական բլոկների առճակատումը և միասին աշխատեն՝ հանուն Եվրասիական մայրցամաքում խաղաղության և կայունության։
Երրորդ կետում Չինաստանը կոչ է անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, «կրակի վրա յուղ չլցնել» և օգնել Ուկրաինային և Ռուսաստանին հնարավորինս արագ վերսկսել երկխոսությունը:
Չորրորդ կետում Պեկինը պնդում է, որ միջազգային հանրությունը պետք է պայմաններ և հարթակներ ստեղծի խաղաղ բանակցությունների համար։
Տասներորդ կետում Պեկինը հայտարարում է, որ անընդունելի է համարում «միակողմանի», այսինքն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից չհաստատված պատժամիջոցները։
Ուկրաինայում հակամարտության վերաբերյալ իր պաշտոնական դիրքորոշման մնացած մասում Պեկինն ընդգծում է հումանիտար ճգնաժամը հաղթահարելու, քաղաքացիական անձանց և ռազմագերիների իրավունքները հարգելու, ատոմակայանների վրա չկրակելու, հացահատիկի արտահանման ուղիների պահպանման և հետպատերազմյան վերակառուցման անհրաժեշտության մասին։