Պետքարտուղար Բլինքենը Մյունխենում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ ապահովելու անհրաժեշտությունը. Նեդ Փրայս

ԱՄՆ-ն Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել տրանսպորտային ուղիներ բացել դեպի Լեռնային Ղարաբաղ ապրանքների ազատ հոսքի համար: Նման կոչ է հնչել անցյալ շաբաթվա վերջին, երբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ զրույցների ընթացքում բարձրացրել է Լաչինի միջանցքի հարցը:

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Նա (խմբ.՝ ԱՄՆ պետքարտուղարը) ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ և բաց կոմերցիոն և մասնավոր տարանցման անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել կողմերին բացել այլ տրանսպորտային ուղիներ։ Մենք կարծում ենք, որ առաջին հերթին կողմերի վրա է դրված ապրանքների ազատ հոսքի այս խոչընդոտները հարթելու պարտավորությունը, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրումն այն մարդկանց, ովքեր ամենից շատ դրա կարիքն ունեն», – ասել է Փրայսը՝ հավելելով, որ Վաշինգտոնն իր դիվանագիտական ջանքերը կկենտրոնացնի՝ փորձելով հասնել դրան:

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «ԱՄՆ-ն իր խոսքով և գործով հստակ է դարձրել, որ պատրաստ է և կարող է հնարավոր բոլոր միջոցներով օգնել կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, առաջընթաց գրանցել այս շատ բարդ հարցերում»։

«Մենք դա արել ենք երկկողմանի, մենք դա արել ենք եռակողմ ձևաչափով՝ կողմերի հետ, այդ թվում, երբ պետքարտուղար Բլինքենը Մյունխենում զրուցեց իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Մենք աշխատում ենք և աշխատել ենք մեր գործընկերների հետ և նրանց միջոցով», – ասել է դիվանագետը:

 

Տեսանյութեր

Լրահոս