Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակը կնշվի բազմաբովանդակ համերգային ծրագրով
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 60-ամյակի առթիվ մարտի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հագեցած համերգային ծրագիր կկազմակերպվի:
Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյան)։
Որպես մենակատարներ հանդես կգան Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր), Սվետլանա Նավասարդյանը (դաշնամուր), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Նարեկ Հախնազարյանը (թավջութակ)։
Դիրիժորներ՝ Վահան Մարտիրոսյան, Զավեն Վարդանյան, Հմայակ Դուրգարյան, Ռոբերտ Մլքեյան։
Կհնչեն Լյուդվիգ Վան Բեթհովենի, Կոմիտաս/Զ. Սահակյանցի, Է. Միրզոյանի, Է. Բաղդասարյանի, Վ.Ա.Մոցարտի, Ա. Վիվալդիի ստեղծագործությունները։
Համերգը կազմակերպել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնվել է 1962 թվականին ականավոր ջութակահար Զարեհ Սահակյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ: Վառ անհատականության և հեղինակության շնորհիվ Զարեհ Սահակյանցը կարողացել է իր շուրջը համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների և կարճ ժամանակում նվագախումբը ձեռք է բերել մեծ համբավ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս: Զարեհ Սահակյանցը թողել է կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթներ, որոնք ժառանգել և շենացրել են նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը (1975-ից), Ռուբեն Ահարոնյանը (1982-ից):
1997 թվականին նվագախումբը միավորվել է Զավեն Վարդանյանի ղեկավարած Երևանի կամերային նվագախմբի հետ (գործել է 1979 -ից): Արդյունքում կազմավորվել է ներկայիս ՀՊԿՆ-ը, որի ղեկավարությունը ստանձնել է ամերիկահայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: 2011 թվականից մինչ օրս նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը: Նվագախումբը մեծ ներդրում ունի Հայաստանում կամերային երաժշտական մշակույթի տարածման և արմատավորման գործում: