Հարավային Կորեան գերազանցել է ցածր ծնելիության սեփական ռեկորդը
Հարավային Կորեայի ծնելիության մակարդակը, որն արդեն իսկ ամենացածրն է աշխարհում, կրկին նվազել է՝ չնայած նվազող բնակչության աճը խթանելու երկրի անհաջող ջանքերին:
Հարավային Կորեայի Ազգային վիճակագրական մարմինը հայտնել է, որ ծնելիության մակարդակը կամ մեկ կնոջից ակնկալվող երեխաների միջին թիվը 2021 թ.-ի 0,81-ից նվազել է՝ 2022 թ.-ին հասնելով 0,78-ի:
Կայուն բնակչություն պահպանելու համար (ներգաղթի բացակայության պայմաններում) երկրներին անհրաժեշտ է ծնելիության 2,1 մակարդակ:
Հարավային Կորեայում ծնելիության մակարդակը նվազում է 2015 թ.-ից ի վեր, իսկ 2020 թ.-ին երկրում առաջին անգամ գրանցել են ավելի շատ մահեր, քան ծնունդներ. տվյալ միտումն այդ ժամանակից ի վեր շարունակվում է: 2022 թ.-ին Հարավային Կորեայում գրանցվել է մոտ 249 000 ծնունդ և 372 800 մահ։
Նմանատիպ ժողովրդագրական անկումներ են նկատվում ասիական մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Ճապոնիայում և Չինաստանում, ինչը մտահոգություն է առաջացնում, որ աշխատունակ տարիքի մարդիկ շուտով շատ քիչ կլինեն, որպեսզի աջակցեն ավելացող տարեց բնակչությանը:
Միևնույն ժամանակ պարբերականը նշում է, որ կորեացի կանայք երեխաներ են ունենում ավելի բարձր տարիքում։ Անցյալ տարի Հարավային Կորեայում ծննդաբերության միջին տարիքը 33,5 էր։
Փորձագետների կարծիքով՝ տարածաշրջանում ժողովրդագրական այս տեղաշարժերի պատճառներից են պահանջկոտ աշխատանքային մշակույթը, աշխատավարձերի լճացումը, ապրուստի ծախսերի աճը, ամուսնության և գենդերային հավասարության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը և երիտասարդների շրջանում հիասթափության աճը:
Չնայած առկա տնտեսական գործոններին՝ խնդիրը լուծելու համար մեծ գումարների հատկացումն արդյունավետ չի եղել: Անցյալ տարվա սեպտեմբերին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր, որ վերջին 16 տարվա ընթացքում բնակչության աճը խթանելու համար կառավարությունն ավելի քան 200 մլրդ դոլար է ծախսել: