Իրանը պետք է մասնակցի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական ​​քայլերին. Բլինքեն

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն կարծիքն Է հայտնել, որ Իրանը պետք է մասնակցի իր միջուկային ծրագրի խնդրի կարգավորման դիվանագիտական ​​ջանքերին։

«Մենք առաջվա պես կարծում ենք, որ դիվանագիտությունը միջուկային ծրագրի խնդրի կարգավորման ամենաարդյունավետ և կայուն միջոցն է: Բայց այս պահին այդ ջանքերը կանգ են առել, քանի որ Իրանը պարզապես դրանով խելամիտ ձևով չի զբաղվում:

Սակայն դուռը միշտ բաց է դիվանագիտության համար… Շատ բան կախված է նրանից, թե Իրանը ինչ Է ասում կամ անում, ինչպես նաև այն բանից՝ արդյոք այն կմասնակցի (դիվանագիտական) ջանքերին», – ասել է Բլինքենը՝ ելույթ ունենալով Աթենքում Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ հույն-ամերիկյան ռազմավարական երկխոսության չորրորդ փուլի արդյունքների շուրջ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում։

2015 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամները և Գերմանիան Իրանի հետ ստորագրել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)՝ Թեհրանի միջուկային մշակումների հետ կապված ճգնաժամը հաղթահարելու համար: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ.-ին որոշում ընդունեց դուրս գալ այդ համաձայնագրից։

ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը քանիցս ազդարարել է Վաշինգտոնին միջուկային համաձայնագիր վերադարձնելու պատրաստակամության մասին: 2021 թ. ապրիլից Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Վիեննայում Իրանի հետ բանակցություններ են վարում ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ։ 2022 թ. նոյեմբերի 10-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական փուլն Ավստրիայի մայրաքաղաքում ավարտվել է առանց որևէ արդյունքի։

Ավելի վաղ Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության խոսնակ Նասեր Քանաանի Չաֆին հայտարարել էր, որ Իրանն ակնկալում է, որ ՄԱԳԱՏԷ-ն իրեն ավելի պրոֆեսիոնալ կպահի և հավատարիմ կմնա Իրանի հետ համագործակցության առկա շրջանակներին։ Քանաանին նաև ընդգծել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի գործունեությունը քաղաքական նպատակներով օգտագործելը «խեղաթյուրում է գործակալության համբավը»:

Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունն արվել է Bloomberg գործակալության կիրակնօրյա հաղորդագրությունների ֆոնին, որը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ստուգման արդյունքները։

Նրանց տվյալների համաձայն՝ Իրանը ստացել է մինչև 84 % հարստացված ուրան։ Երկուշաբթի օրը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին գործակալության հրապարակումը որակել Էր «փաստերի խեղաթյուրում» և հայտարարել, որ Թեհրանը դեռևս չի փորձել ուրանը հարստացնել 60%-ից բարձր մակարդակով:

Տեսանյութեր

Լրահոս