Հովհաննես Բաչկովը Հայաստանում բռնցքամարտի զարգացման միտումներ է տեսնում
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության բազմակի և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի կարծիքով՝ Հայաստանում իր հարազատ մարզաձևը զարգացում է ապրում:
«Ուրախ եմ, որ Հայաստանում բռնցքամարտը սկսել են էլ ավելի սիրել ու հասկանալ: Բռնցքամարտը ավելի հետաքրքիր է դարձել Հայաստանում։ Երբ սկսում ենք հասկանալ այդ սպորտի կարևորությունը, նշանակում է առաջ ենք գնացել, զարգացել ենք նաև այդ ուղղությամբ»,-սոցցանցերի իր էջերում գրել է մարզիկը:
Հովհաննես Բաչկովը բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երեք անգամ դարձել է բրոնզե մեդալակիր (2017, 2019, 2021), Եվրոպայի առաջնության եռակի չեմպիոն է (2017, 2019,2022), Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է: Իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 2020 թվականին: