Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանով երթևեկությունը

Լեհաստանը պատրաստ է ամբողջությամբ փակել Բելառուսի հետ սահմանը: Նման հայտարարություն է արել հանրապետության փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին Լեհական ռադիոյի եթերում։ «Եթե նման անհրաժեշտություն լինի, հատկապես անվտանգության խնդիրներով պայմանավորված, ապա մենք, միանշանակ, պատրաստ ենք: Բայց մենք դա կվերլուծենք իրադարձությունների զարգացմանը զուգընթաց», – ասել Է պաշտոնյան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Լեհաստանը պատրաստ է վերջնականապես փակել սահմանը։

Դրա հետ մեկտեղ Յաբլոնսկին ընդգծել է, որ անցակետը փակելու մասին որոշումները չեն ընդունվում բացառապես քաղաքական դրդապատճառներով։ Նրա խոսքով՝ Վարշավայում հասկանում են, որ կան փոխադրողներ և ապրանքներ, որոնք կարելի Է փոխադրել սահմանով։

«Սակայն հենց իրադրության վերլուծությունը ցույց տա, որ անվտանգության սպառնալիքի աճ կա, ապա նման որոշում կարող Է ընդունվել», – եզրափակել է Յաբլոնսկին։ Փետրվարի 10-ից Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկիի կարգադրությամբ դադարեցվել է երթևեկությունը Բերեստովիցա-Բոբրովնիկի անցակետով՝ ելնելով «պետական ​​անվտանգության շահերից»։

Փետրվարի 21-ի երեկոյան Կոզլովիչի-Կուկուրիկի անցակետը կփակվի ԵՄ-ում և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայում գրանցված բեռնատարների անցման համար։ Այսպիսով, բելառուսալեհական սահմանին կմնա միայն ուղևորների համար նախատեսված մեկ՝ Բրեստ-Տերեսպոլ անցակետը, իսկ բեռնատարների համար ոչ մի անցակետ չի լինի։

Ի պատասխան՝ Մինսկը փոխել է լեհ բեռնափոխադրողների տեղաշարժի ռեժիմը. նրանք կկարողանան Բելառուսի տարածք մուտք գործել և այնտեղից դուրս գալ բացառապես սահմանի բելառուսալեհական հատվածով։ Վարշավայում նախազգուշացրել են, որ բելառուս փոխադրողների նկատմամբ կմտցնեն համազոր սահմանափակումներ։

Տեսանյութեր

Լրահոս