
Ռուբեն Ռուբինյանն ու ԵԽ պատգամավորները հանդիպման ընթացքում անդրադարձել են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Սիլվի Գիյոմին եւ Ֆրանսուա Ալֆոնսին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանը ԵԽ պատգամավորների խնդրանքով ներկայացրել է իրավիճակը տարածաշրջանում: ԱԺ փոխնախագահը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120.000 հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար մարտահրավերները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը եւ հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը: