ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակումը սպառնում է միջազգային անվտանգությանը. ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք երկրներ ԿԺԴՀ-ին դատապարտում են հրթիռների արձակման համար և երկխոսության կոչ են անում Փհենյանին: Նման հայտարարություն է հրապարակել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը:
«Ալբանիան, Էկվադորը, Ֆրանսիան, Ճապոնիան, Մալթան, Մոզամբիկը, Կորեայի Հանրապետությունը, Շվեյցարիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Միացյալ Թագավորությունը և Միացյալ Նահանգները վճռականորեն դատապարտում են փետրվարի 18-ին ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը, ինչպես նաև փետրվարի 19-ին երկու հրթիռի արձակումը», – նշված է Թոմաս Գրինֆիլդի հրապարակած համատեղ հայտարարությունում:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի խոսքով՝ «այս հանգստյան օրերին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումը սպառնալիք Է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային խաղաղության և անվտանգության համար»:
«Միացյալ Նահանգները և ինը երկրները առաջվա պես լիովին հավատարիմ են դիվանագիտությանը և շարունակում են կոչ անել ԿԺԴՀ-ին՝ վերադառնալ երկխոսության», – գրված է հայտարարությունում:
Համատեղ հայտարարությունում նաև նշվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է միահամուռ կերպով դեմ արտահայտվի «անօրինական միջուկային զինանոց ստեղծելու՝ Հյուսիսային Կորեայի կողմից հայտարարված ջանքերին, որը լուրջ վտանգ կներկայացներ աշխարհի համար»:
«Խորհրդի լռությունը զսպվածության չի հանգեցրել Փհենյանում: Փաստորեն, այն համարձակություն Է տվել ԿԺԴՀ իշխանություններին: Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի այս վերջին արձակումը փորձում է Խորհրդի վճռականությունը և նպատակասլացությունը, և մենք պետք է գործենք հիմա», – հավելել Է նա:
Փետրվարի 20-ին Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով, որոնք թռել են 400 կմ և 350 կմ՝ համապատասխանաբար 100 կմ և 50 կմ թռիչքի առավելագույն բարձրության վրա։ Իսկ փետրվարի 18-ին Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որը թռել էր 989 կմ՝ հասնելով 5768,5 կմ առավելագույն բարձրության: