Էլեկտրոնային պայմանագրերի կնքման դեպքում քաղաքացին ավելի պաշտպանված է լինում. Գրիգոր Մինասյան

Կառավարությունը առաջարկում է վերանայել էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին եւ էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումները: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նախատեսվող կարգավորումներով քաղաքացին առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում. պայմանագրի կողմին, սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է մտնում պայմանագիր կնքելիս:

Նշվել է, որ գործող կարգավորումները հնացած են, սահմանափակ են մեկնաբանվում եւ կիրառության առումով հստակ չեն: Օրինակ՝ հստակ կարգավորված չեն ինտերնետային կայքերով, տարատեսակ էլեկտրոնային հավելվածների ու հարթակների միջոցով կնքվող պայմանագրերի դեպքերը: Ներկայումս լիարժեք կարգավորված չեն նաեւ այն հարցերը, երբ, պայմանագիր կնքելիս, կարեւոր նշանակության պայմանները ներկայացվում են առանձին փաստաթղթով կամ առանձին հղումով: Դրանք դրված են լինում ոչ տեսանելի որեւէ հարթակում, ինչի հետեւանքով պայմանագրի մի կողմը չի տեսնում այդ թաքնված պայմաններն ու տեղեկացված չի լինում դրանց մասին: Այս փաթեթով լուծվում են ինչպես վերոնշյալ, այնպես էլ էլեկտրոնային պայմանագրերի կնքման ոլորտի մի շարք այլ խնդիրներ:
Նախարարը նշել է, որ ԱԺ համապատասխան ստորաբաժանման ներկայացրած խմբագրական առաջարկներն ընդունվել են հեղինակի կողմից, եւ նախաձեռնությունը լրամշակվել է:

Հարակից զեկույցում հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նշեց, որ առաջարկը վերաբերում է պայմանագրի ընդհանուր պայմանների կիրառելիության արդյունավետությանը: Եթե նախկին կարգավորումներով պայմանագրի անբաժանելի մաս կազմող օրինակելի պայմաններին հղում կատարելը բավարար էր այդ պայմանների պարտադիրության եւ կիրառման համար, ապա առաջարկվող դրույթներով դրանք կլինեն պայմանագրի անբաժանելի մաս եւ կիրառման ենթակա, եթե պայմանագիրը կնքելիս ապահովվում է կնքող անձի կողմից դրա ընդհանուր պայմաններին մատչելի եղանակով եւ ամբողջությամբ ծանոթանալու ու դրանց կապակցությամբ համաձայնություն տալու հնարավորությունը: Էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի դեպքում այդ համաձայնությունը պետք է արտահայտվի դրան ուղղված հստակ գործողություն իրականացնելով:

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեխնոլոգիական զարգացման ներկա ժամանակաշրջանում սպառողների իրավունքների պաշտպանության եւ արդար առեւտրի կանոնների համատեքստում կարևորել է ավելի ճկուն օրենսդրության սահմանումը, սակայն, նրա գնահատմամբ, այս փոփոխությունների արդյունքում չեն կարգավորվելու հատկապես հանրային ծառայությունների ու վարկավորման ոլորտներում սպառողների իրավունքների խախտման դեպքերը:

Անդրադարձ եղավ առաջինից երկրորդ ընթերցում օրենսդրական կարգավորումներն աշխատանքային կարգով մանրամասն քննարկելու եւ լավարկելու անհրաժեշտությանը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Տեսանյութեր

Լրահոս