Հայաստանը մասնակցել է Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի 23-րդ նիստին

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի 23-րդ նիստին։ Այն տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում փետրվարի 16-18-ն ընկած ժամանակահատվածում։ Միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է Հայաստանի գովազդային խորհրդի կոորդինատոր, PR մասնագետ Ռոզա Գրիգորյանը։

Նա նիստի ընթացքում ներկայացրել է Հայաստանի գովազդային ոլորտի առանձնահատկությունները, մասնավորապես՝ շուկայի օրինաչափությունները, օրենսդրական դաշտի կարգավորումներն ու առկա նորույթները։

Առցանց ձևաչափով նիստին մասնակցել են նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը և ՄՊՀ նախագահի խորհրդական Հրայր Արամյանը։ ՄՊՀ անդամ Անուշ Բեղլոյանը ներկայացրել է զեղչերի և այլ ակցիաների գովազդին առնչվող, ինչպես նաև անբարեխիղճ գովազդից անչափահասների պաշտպանության հարցերի վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումները, իսկ ՄՊՀ նախագահի խորհրդական Հրայր Արամյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական ծառայությունների ոլորտում գովազդին առնչվող գործող օրենսդրական կարգավորումները:

Նիստի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող կարևոր հարցեր, և մասնակից երկրների ներկայացուցիչները կիսվել են իրենց փորձով։ Նիստն անցել է արդյունավետ և ջերմ մթնոլորտում։

Հայաստանը՝ ի դեմս Հայաստանի գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանի, ԱՊՀ երկրների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի լիիրավ անդամն է։

Տեսանյութեր

Լրահոս