Գլխավոր դատախազը Տավուշի և Գեղարքունիքի մարզերի դատախազներին հանձնարարել է կանխել անտառների «կոտորածը»
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ փետրվարի 20-ին Գեղարքունիքի և Տավուշի մարզերի դատախազություններում ամփոփվել են 2022 թվականի գործունեության արդյունքները:
Ինչպես տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից, գլխավոր դատախազի առաջին կանգառը եղել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որտեղ մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանը ներկայացրել է գրանցված հանցավորության վիճակը, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները, բացահայտման ցուցանիշները և այլն:
Գագիկ Այվազյանի խոսքով՝ 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 90-ով՝ կազմելով 1295 դեպք: 2022 թվականին գրանցվել է սպանության երեք դեպք (2021 թվականին սպանության դեպք չի արձանագրվել): Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերը նվազել են 42-ով՝ կազմելով 324 դեպք, բնակարանային գողություններն աճել են 31-ով՝ կազմելով 67 դեպք: Նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, բռնաբարության և դրա փորձի, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու, այդ թվում՝ մահվան ելքով վթարների դեպքերով հանցագործությունները: 2022 թվականի ընթացքում Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարվել է 11 ուսումնասիրություն. դրանց արդյունքում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, երեք ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ վեցը գտնվում են ուսումնասիրության փուլում:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրել Սևան ազգային պարկի տարածքների վարձակալության և հնարավոր օտարումների իրավաչափությունը՝ ընդգծելով, որ Սևան ազգային պարկի դեմ ուղղված ոտնձգություն գտնվում է իր անմիջական հսկողության ներքո:
Գլխավոր դատախազի աշխատանքային հաջորդ կանգառը եղել է Տավուշի մարզի դատախազությունում: Մարզի դատախազ Գոռ Ալոյանը ներկայացրել է 2022 թվականի գործունեության արդյունքները: Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում Տավուշի մարզում գրանցվել է հանցագործության 897 դեպք (2021 թվականին՝ 1021): 2022 թվականին աճ է արձանագրվել միջին ծանրության հանցագործությունների մասով՝ կազմելով 338 դեպք (2021 թվականին՝ 320), նվազում է արձանագրվել ծանր հանցագործությունների մասով՝ 128 դեպք (2021 թվականին՝ 143), իսկ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են 7-ով՝ կազմելով 13 դեպք (2021 թվականին՝ 6):
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տավուշի մարզի դատախազին հանձնարարել է ուսումնասիրություն սկսել Դիլիջան ազգային պարկում հողօգտագործման և անտառահատումների վերաբերյալ, իրավապահ մյուս կառույցների հետ համագործակցությամբ գործողությունների ծրագիր մշակել՝ ուղղված անտառների «կոտորածը» կանխելուն:
Աննա Վարդապետյանը երկու մարզերի դատախազներին հանձնարարել է նաև համագործակցված աշխատանք իրականացնել Գեղարքունիքում և Տավուշում մեկ ամիս առաջ ներդրված Պարեկային ծառայության հետ՝ ընդգծելով հանցագործությունների կանխման ոլորտում պարեկային ծառայողների դրական դերակատարումը: