Վարդանյանի հրաժարականով Ադրբեջանն ակնհայտորեն հայտարարելու է «Ղարաբաղի վերաինտեգրման ծրագրի մեկնարկի» մասին․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է․ «Եթե մարդիկ կան, ովքեր չեն պատկերացնում, թե ինչ կլինի Ռուբեն Վարդանյանի հրաժարականից հետո, ապա ուզում եմ մի կանխատեսում անել, որից հետո որոշեք` հրաժարականը փրկությո՞ւն է, թե՞ դավաճանություն։
Վարդանյանի հրաժարականով Ադրբեջանը ակնհայտորեն հայտարարելու է «Ղարաբաղի վերաինտեգրման ծրագրի մեկնարկի» մասին։ Հաջորդ քայլը Հսկիչ անցագրային կետերի տեղադրումն է լինելու։ Շուտով մոտենում են Նախագահի ժամկետի ավարտը։ Ադրբեջանի իշխանությունները արգելելու են ընտրությունների կազմակերպումը, և պահանջելու են, որ թեկնածուն իրենց կողմից հաստատվի։ Որպես կոմպրոմիս կգան այն հայտարարին, որ Արցախի ժողովուրդը ընտրի, բայց լիազորությունները Բաքվի հրամանագրով հաստատվեն։
Հիմա կասեք թե դա հնարավոր չէ, և Արցախի ժողովուրդը չի’ համաձայնվի։ Կներեք, բայց Ռուբեն Վարդանյանի հրաժարականին համաձայնելուց հետո ամեն ինչի էլ կհամաձայնվեք։ Ինչո՞ւ։
Որովհետև այսօր ճանապարհը գուցե կբացվի Վարդանյանի հրաժարականով, վաղը նոր պահանջով նորից կփակվի, ու նույն մեխանիզմով նորի’ց, նորից ու նորից, մինչև Արցախից որպես սուբյեկտ ոչինչ չի մնա։
Հա, հետո խնդրում եմ չասեք, թե Հայաստանի հայերը մեզ լքեցին…
Հ.Գ. Էստեղ այլեւս անձի խնդիր գոյություն չունի, Ադրբեջանը այս քայլով ընդամենը Արցախի սուբյեկտայնության վերջին բեկորներն է փորձում թուլացնել ու ոչնչացնել։
Սուն Ցզին ասում էր, որ ամրոցը պաշարելիս հեռատես զորավարը միշտ թողնում է մեկ ճանապարհ` փախուստի ճանապարհ։ Այդ ճանապարհը բաժանություն կբերի թշնամու բանակում և ոմանք թողնելով ամրոցի պաշտպանությունը կփախչեն այդ ճանապարհով, իսկ ոմանք` միայնակ մնալով, ստիպված կմեռնեն, իսկ ոգով թույլերը կբացեն ամրոցի դարպասները թշնամու առաջ։
Արցախը հենց այդ պաշարված ամրոցն է, և Ալիևը յուրացրել է Սուն Ցզիի ասքը»։