Թուրքիայում տեղի ունեցած նոր երկրաշարժերի հետևանքով կա 6 զոհ
Թուրքիայում երեկ տեղի ունեցած նոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Երկրաշարժերը տեղի են ունեցել երկրի հարավում գտնվող Հաթայ նահանգում տեղի ժամանակով ժամը 20:04-ին (Երևանի ժամանակով՝ 21:04)՝ 6,8 մագնիտուդ հզորությամբ, և 20:07-ին (Երևանի ժամանակով՝ 21:04)՝ 5,8 մագնիտուդ հզորությամբ: Գրանցվել է նաև 32 հետցնցում:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնները գտնվել են համապատասխանաբար Դեֆնե և Սամանդաղ քաղաքներում: Առաջին երկրաշարժի օջախը գտնվել է 16,74 կմ խորության վրա, երկրորդինը՝ 7 կմ։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել էր, որ առնվազն 3 մարդ զոհվել է, 213 հոգի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա խոսքով՝ երեք ավերված շինությունների փլատակներում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։ Ըստ պարբերականի՝ որոնողափրկարարական աշխատանքներից հետո փլատակներից դուրս է բերվել ևս 3 հոգու մարմին:
Anadolu գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ երկրաշարժը զգացվել է Հաթայի հարևան նահանգներում, ինչպես նաև Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Պաղեստինում և Իսրայելում։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը բնակիչներին հորդորել է չմոտենալ վնասված շենքերին։
Փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և հարևան Սիրիայում զոհերի թիվը շուրջ 46 հազար է, որոնցից գրեթե 41 հազարը՝ Թուրքիայում: