Բայդենը հայտնել է, որ Արևմուտքի երկրները Կիևին շուրջ 700 տանկ և այլ զինամթերք կմատակարարեն
ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ամբողջ աշխարհում խոստացել են Կիևին մատակարարել շուրջ 700 տանկ և հազարավոր միավոր այլ զրահատեխնիկա։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է այսօր Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է ստեղծել երկրների կոալիցիա Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս՝ բաղկացած ավելի քան 50 պետություններից։
«Ավելի քան 50 գործընկեր երկրների հետ միասին մենք հավաքել ենք ավելի քան 700 տանկ և հազարավոր զրահամեքենաներ, 1000 հրետանային համակարգեր, ավելի քան 2 միլիոն հրետանային արկեր, համազարկային կրակի ավելի քան 50 հրթիռային համակարգեր… և հակաօդային պաշտպանության համակարգեր», – ասել Է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ այս ամենն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անակնկալ այց է կատարել Կիև: Սա Բայդենի առաջին այցն է Ուկրաինա՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր: Բայդենը հայտարարել է 500 միլիոն դոլարի ԱՄՆ օգնության նոր փաթեթի մասին, որն ընդգրկում է հրետանային զինամթերք և հակատանկային զինատեսակներ: Բայդենը նաև հայտնել է, որ այս շաբաթ Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներ կսահմանվեն: