Բաժիններ՝

«Հատիս»-ի չեմպիոնությունն օրինաչափ է. Վահագն Հարությունյան

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը կանանց առաջնության չեմպիոն «Հատիս»-ի հաղթանակն օրինաչափ է համարում:

««Հատիս»-ի չեմպիոնությունն օրինաչափ է: Թիմը վերջին երեք տարիներին մրցանակային տեղեր էր զբաղեցնում: Երկրորդ տարին է, ինչ առաջնությունում թույլատրում ենք լեգիոներների մասնակցություն, և առաջնությունն էլ կանոնավոր է դարձել: Եթե ուզում ենք զարգացնել կանանց բասկետբոլը, աշխատանքը պետք է շարունակական լինի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հարությունյանը:

Վերջինս շեշտեց, որ այս տարվա առաջնությունում լեգիոներները քանակով քիչ են եղել, ինչը հնարավորություն է տվել տեղացի բասկետբոլիստներին առավել շատ խաղաժամանակ ստանալ:

«Ես պատահականություն չեմ համարում տարվա հավաքականի կազմում 5-ից 3-ի հայ լինելը: Սա նշանակում է, որ կանանց բասկետբոլն աճում է»,-ասաց նա:

Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով` ավելացել է տարբեր տարիքային խմբերի ներքին առաջնությունը, ինչը տարիների ընթացքում կբերի ցանկալի արդյունքի:

Հայաստանի կանանց առաջնության 2022/23 մրցաշրջանի հաղթողը «Հատիս»-ն է:

Հայաստանի կանանց կանոնավոր առաջնության եզրափակիչ «Հատիս» – «Լես Ֆոքսիս» խաղում, «Հատիսը» 73-68 հաշվով առավելության հասավ «Լես Ֆոքսիս»-ի նկատմամբ և հռչակվեց առաջնության չեմպիոն: Լավագույն եռյակը եզրափակեց «Երևան Բասկետ»-ը:

Խաղում ամենաարդյունավետը «Լես Ֆոքսիս»-ից Ակիմա Ռիչարդսն էր՝ վաստակած 37 միավորով, նա նաև 16 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

Հայտնի դարձան նաև առաջնության լավագույնները՝

Լավագույն պաշտպան՝ Ակիմա Ռիչարդս («Լես Ֆոքսիս»)

Լավագույն խաղարկող՝ Լուսինե Տիտանյան («Լես Ֆոքսիս»)

Լավագույն թեթև հարձակվող՝ Լուսինե Սեդրակյան («Երևան Բասկետ»)

Լավագույն ծանր հարձակվող՝ Շել Դանիելս («Երևան Բասկետ»)

Լավագույն կենտրոնական՝ Նարինե Գյոկչյան («Հատիս»)

Լավագույն մարզիչ՝ Արեգ Վավթյան («Հատիս»):

MVP-ն բաժին է հասել Սեդա Գաբրիելյանին «Հատիս» ակումբից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս