Կարևոր է պահել միջազգային ուշադրությունը Հարավային Կովկասի վրա ևս․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը միջազգային հանրության ավելի շատ ուշադրության կարիքն ունի՝ առկա ռիսկերի պայմաններում։ Փաշինյանն այս մասին ասաց Մյունխենի միջազգային համաժողովի շրջանակներում Հարավային Կովկասի անվտանգության թեմայով քննարկմանը, որին մասնակցում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը։
«Գլոբալ կայունությունը կարող է բարելավել իրավիճակը մեր տարածաշրջանում, որովհետև դուք գիտեք, որ արդեն երկար ժամանակ ողջ միջազգային ուշադրությունը հասկանալիորեն կենտրոնացած է Ուկրանիայի վրա, և դա ստեղծում է նոր ռիսկեր մեր տարածաշրջանի համար։ Շատ կարևոր է, որ մեր տարածաշրջանի վրա ևս միջազգային ուշադրություն լինի, որովհետև ես կարծում եմ, որ շատ ռիսկեր կան։ Որն է մեր մոտեցումը։ Մենք հավատարիմ ենք մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարագին, որովհետև մենք հավատում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, անկախ դատական համակարգն ավելի լավը կդարձնեն իրավիճակը մեր տարածաշրջանի շուրջ։ Մենք կարծում ենք, որ սա շահավետ է ողջ տարածաշրջանի համար, իսկ մեզ համար շատ կարևոր է՝ աշխատանքի մեր մասն անելու առումով»,- նշեց վարչապետ Փաշինյանը։