ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽԽՎ համազեկուցողներին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված իրավիճակը

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը փետրվարի 17-ին ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգին (Շվեդիա)։

Նախարարի տեղակալը ողջունել է համազեկուցողների փաստահավաք այցելությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը և օբյեկտիվ գնահատմանը։

«Պարույր Հովհաննիսյանը զրուցակիցներին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում ստեղծված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման պարբերական խափանման փաստը՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը և հայ ռազմագերիների հետ կապված խնդիրներին։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս