Բայդենն ակնկալում է զրույց ունենալ Սի Ծինփինի հետ` չնայած չինական օդապարիկի հետ կապված միջադեպին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ակնկալում է զրույց ունենալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և տրամադրված է շարունակել համագործակցությունը Պեկինի հետ՝ չնայած խոցված չինական օդապարիկի հետ կապված միջադեպին:
«Այդ միջադեպն ընդգծում է մեր դիվանագետների և ռազմական բնագավառի փորձագետների միջև հաղորդակցության բաց գծերի պահպանման կարևորությունը: Մեր դիվանագետները կշարունակեն հաղորդակցվել (չինացիների հետ), և ես կշարունակեմ կապ պահպանել ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինփինի հետ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:
«Ես սպասում եմ նախագահ Սի Ծինփինի հետ զրույցին»,- հավելել է Բայդենը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ չի պատրաստվում Չինաստանի ղեկավարությունից ներողություն խնդրել խոցված օդապարիկի համար։
«Մենք ձգտում ենք մրցակցության, ոչ թե հակամարտության Չինաստանի հետ: Մենք նոր Սառը պատերազմ չենք փնտրում», ասել է Բայդենը:
«Մենք նաև կշարունակենք փոխգործակցել Չինաստանի հետ, ինչպես դա արել ենք վերջին երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է նա։
Ավելի վաղ փետրվարին ԱՄՆ-ի երկնքում հայտնաբերվել և խոցվել էր չինական օդապարիկ, որը Վաշինգտոնը որակել էր հետախուզական: Վերջին օրերին ԱՄՆ-ի և Կանադայի երկնքում ևս երեք թռչող օբյեկտ է խոցվել:
Բայդենի խոսքով՝ վկայություններ չկան, որ այս երեք խոցված օբյեկտներն առնչություն ունեն Չինաստանի հետախուզական օդապարիկի հետ կամ որևէ այլ երկրի թռչող սարքեր են: Դրանք, ըստ ԱՄՆ նախագահի, կարող են կապված լինել մասնավոր ընկերությունների հետ, որոնք ուսումնասիրում են եղանակը կամ գիտական հետազոտություններ են կատարում: