Բաժիններ՝

Բրյուս Ուիլիսի մոտ դեմենցիա է ախտորոշվել

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Բրյուս Ուիլիսի մոտ ճակատաքունքային դեմենցիա է ախտորոշվել։ Այս մասին հայտնել է նրա ընտանիքը: Հայտարարության մեջ նշվում է, որ «թեև սա ցավալի է, սակայն հստակ ախտորոշումը թեթևացում է»։

«Այսօր այս հիվանդությունը բուժում չունի, բայց մենք հուսով ենք, որ այս իրողությունը կարող է փոխվել առաջիկա տարիներին», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 67-ամյա Ուիլիսի մոտ անցյալ տարվա գարնանը ախտորոշվել է աֆազիա, որը խոսքի դժվարություններ է առաջացնում, սակայն հիվանդությունը զարգացել է, և այժմ նրան ավելի հստակ ախտորոշում են տվել:

Ընտանիքը նաև երախտագիտություն է հայտնել դերասանի երկրպագուների ցուցաբերած աջակցության համար:

Ուիլիսի ընտանիքը, այդ թվում՝ նրա կին Էմմա Հեմինգ Ուիլիսը, նախկին կին Դեմի Մուրը և նրա հինգ դուստրերը նրա հիվանդության մասին հայտնել էին դեռ անցյալ տարի: Այդ ժամանակ նրանք հայտնել էին, որ Ուիլիսի մոտ առկա հիվանդությունն ազդում է նրա ճանաչողական ունակությունների վրա, և նա կդադարեցնի դերասանական կարիերան:

Բրյուս Ուիլիսը հայտնի է դարձել 1980-ականներին և 90-ականներին՝ նկարահանվելով «Պինդ ընկույզ» (Die hard), «Վեցերորդ զգայարան», «Արմագեդոն», «Հինգերորդ տարրը» և այլ ֆիլմերում:

Դերասանը նկարահանվել է շուրջ հինգ տասնյակ ֆիլմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս