ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել Բյորն Բերգեին՝ Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերած աջակցության համար:

Նախարարն ընդգծել է իրականացված մեծածավալ բարեփոխումները, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, քրեական արդարադատության ոլորտներում գրանցած առաջընթացը:

Նախարարը կարևորել է նաև արբիտրաժային կենտրոնի ստեղծման համար իրականացված աշխատանքները, ինչպես նաև ԵԽ աջակցությամբ իրականացված պրոբացիայի ինստիտուտի զարգացման, մասնավորապես՝ օրենսդրության բարելավման, նոր այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակի արդյունավետ կիրառման, տարբեր գործիքների պիլոտավորման, վերապատրաստումների իրականացման, վերասոցիալականացման ծրագրերի մշակման և գնահատման ուղղությամբ:

Գրիգոր Մինասյանը կարևորել է նաև երկուստեք համագործակցության շրջանակներում հաշտարարության ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքները:

Նախարարն ընդգծել է Վենետիկի հանձնաժողովի տրամադրած փորձագիտական կարծիքի կարևորությունը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմ նախատեսող օրենսդրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ:

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն շնորհավորել է Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Բյորն Բերգեն ընդգծել է երկուստեք համագործակցության կարևորությունն ու նշել, որ այն տարիների ընթացքում ամրապնդվում է: Նա ողջունել է արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը և ընդգծել, որ նախանշված ուղղությունները համընկնում են ԵԽ քաղաքականությանը:

Բյորն Բերգեն վստահություն է հայտնել, որ արդեն իսկ իրականացված աշխատանքները նպաստելու են արդարադատության ոլորտի զարգացմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս