
Հայկական HopShop-ը հայտնվել է Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի գլոբալ եզրափակչում

Հայկական HopShop ստարտափն անցել է աշխարհի ամենահեղինակավոր ստարտափ մրցույթներից մեկի՝ Ձեռնարկատիրության աշխարհի գավաթի (EWC) եզրափակիչ:
Աշխարհի 30 հազար ընկերություններից ընտրվել են 100 լավագույնները, որոնք մարտի 9-13-ը Սաուդյան Արաբիայում կպայքարեն 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:
HopShop-ը «Shazam» է նորաձևության համար: Սա արհեստական ինտելեկտի վրա հիմնված տեսողական որոնման ծրագիր է, որը պարզեցնում է հագուստ, կոշիկներ և աքսեսուարներ գտնելու և գնելու գործընթացը: Oգտատերերը կարող են լուսանկարել իրը կամ վերբեռնել առկա լուսանկարը, իսկ հավելվածը կնույնականացնի նմանատիպ իրերը և կտրամադրի գնման տարբերակներ:
«Ձեռնարկատիրության աշխարհի գավաթին մասնակցելը մեզ համար նշանակալի ձեռքբերում է: Այն մեզ հնարավորություն է տալիս կապ հաստատել պոտենցիալ ներդրողների, գործընկերների և հաճախորդների հետ ամբողջ աշխարհից: Մենք երախտապարտ ենք այս փորձառության համար և ոգևորված ենք՝ ցուցադրելու մեր թիմի նորարարությունն ու ստեղծարարությունը»,-ասվում է ընկերության տարածած հայտարարությունում։