Պայքարել նշանակում է բոլոր ուղղություններով կատարել շատ մեծ, լուրջ, ամենօրյա աշխատանք. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը փետրվարի 17-ին ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ պետական մարմինների ղեկավար կազմի, շրջանների վարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:
Ինչպես տեղեկանում ենք պետական նախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված և նախանշված աշխատանքները՝ նշելով, որ հանգամանքների բերումով այդ ժամանակահատվածից 67-ը եղել են շրջափակման օրերը: Նա ընդգծել է, որ աշխատանքն արվել է շրջափակման ընթացքում համախմբված ամբողջ թիմով։
Պետնախարարը մանրամասն ներկայացել է կառավարության գործունեության սկզբունքները, առկա մարտահրավերները, գերակայություններն ու այն հիմնական ուղղությունները, որոնցով համատեղ կատարվել են և պետք է շարունակվեն աշխատանքները, ինչպես նաև՝ խոսել է ռիսկերի և չիրականացված աշխատանքների մասին:
Նկատելով, որ 35 տարի առաջ ճիշտ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այսօր ևս արցախահայության պայքարը շարունակվում է:
«Այն ժամանակ ժողովուրդը դուրս եկավ հրապարակ և ասաց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ազատ և հայկական։ Քչերն էին հավատում, որ հնարավորություն կա իրավիճակը փոխելու։ Բայց դուք դա արեցիք, և շատ խորհրդանշական է, որ մենք այս մասին խոսում ենք դարձյալ փետրվարին և կանգնած ենք որոշում կայացնելու առջև: Վերջին ամիսներին ես շատ եմ լսել՝ ի՞նչ է նշանակում պայքար։ Ես ասում եմ՝ պայքարելն առաջին հերթին դա կամքն է, որն առաջ է տանում, երկրորդը՝ անում ես քայլեր, որոնք կարևոր են։ Պայքարել չի նշանակում միայն պատրաստվել պատերազմի, պայքարել նշանակում է կատարել շատ մեծ, լուրջ, ամենօրյա աշխատանք բոլոր ուղղություններով»,-ասել է նա: