
Արցախը մյուս երկրների պես իրավական ճանապարհով անկախացավ Խորհրդային միությունից, սակայն Ադրբեջանը չի համակերպվում այդ անկախության հետ. ԱԺ պատգամավոր

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էդիտե Մեդնեի և պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: ԱԺ պատգամավորն այս մասին տեղեկացրել է իր «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միջոցով:
«Բարեկամական խմբի շրջանակներում հանդիպմանը խոսեցի Հայաստանի և Արցախի նկատմամբ ագրեսոր Ադրբեջանի կողմից եկող վտանգների մասին: Նշեցի, որ Արցախը Լատվիայի, Հայաստանի և մյուս երկրների պես իրավական ճանապարհով անկախացավ Խորհրդային միությունից, սակայն Ադրբեջանը չի համակերպվում այդ մտքի հետ և այդ անկախությունը չի ներում մեզ:
Դեսպանին ներկայացրի Արցախի՝ հումանիտար աղետի հետևանքով առաջացած ծանր վիճակը, սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների սղությունը և մի շարք այլ խնդիրներ:
Արձանագրեցի, որ Ադրբեջանը 2020 թ. պատերազմից հետո զինված ագրեսիա է գործել՝ 3 անգամ ներխուժելով Հայաստանի սուվերեն տարածք. Դրա հետևանքով կորցրել ենք մի շարք տարածքներ, ջրի ակունքներ և այլն:
Բարձրացրի Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը: Զուգահեռներ տանելով Կոսովոյի հետ՝ կիսվեցի այս հարցում Լատվիայից աջակցության ակնկալիքներիս մասին:
Գրառումից տեղեկանում ենք, որ դեսպանն իր խոսում ընդգծել է, որ ազատությունը պետք է փայփայել:
«Իբրև երկիր՝ Լատվիան իսկապես նվաճել է իր ազատությունը ու հիմա փայփայում է այն: Մենք ձեզ նույնն ենք ցանկանում, քանի որ տեսնում ենք, որ դուք էլ եք նույն ճանապարհին, և դուք գնահատում եք ազատությունը»,- ասել է նա: