Հնդկական օվկիանոսում մեկնարկում են Ռուսաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի զորավարժությունները
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի, Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերը և Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) ռազմածովային ուժերը երկրորդ համատեղ ռազմածովային վարժանքներն են մեկնարկում Հնդկական օվկիանոսի ջրատարածքի հարավային մասում՝ աֆրիկյան ափերի մոտ, հաղորդել է Հարավաֆրիկյան Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Exercise MOSI անվանումը կրող զորավարժությունները փետրվարի 17-ից 27-ը կանցկացվեն Քվազուլու Նատալ նահանգի Դուրբան և Ռիչարդս Բեյ քաղաքների շրջանում: Առաջին նման վարժանքները ՀԱՀ-ի ջրերում անցկացվել են 2019 թ. նոյեմբերին։
Հարավաֆրիկյան ազգային պաշտպանական ուժերի տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցի ՀԱՀ-ի ավելի քան 350 զինծառայող՝ տարբեր զորքերից և ստորաբաժանումներից, որոնք ռուս և չինացի գործընկերների հետ օպերատիվ հմտություններ ու գիտելիքներ կփոխանակեն։
Զորավարժությունների ընթացքում պլանավորվում Է մշակել ծովային համակարգերի փոխգործակցությունը, պայքարը ծովահենության դեմ, ծովային համագործակցությունը, ինչպես նաև կատարելագործել տարերային աղետներին հակազդելու համատեղ միջոցները։
Ինչպես РИА Новости-ին ասել է ՀԱՀ-ի արտգործնախարար Նալեդի Պանդորը, հանրապետությունը, մասնակցելով Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններին, ձգտում է բարձրացնել իր զինվորականների պատրաստվածության մակարդակը՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու և երկիրը պաշտպանելու համար։
Մոսկվայում ՀԱՀ-ի դեսպան Մզուվուկիլե Մակետուկան հույս է հայտնել, որ այդ աշխատանքները կշարունակվեն ամենամյա սկզբունքով։ Միևնույն ժամանակ ՀԱՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության ներկայացուցիչ Դևիդ Ֆելդմանը հայտնել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ ծովային զորավարժություններ անցկացնելու երկրի պլաններից։ Իր հերթին ՀԱՀ-ի պաշտպանության նախարար Թանդի Մոդիսեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում աֆրիկյան այն երկրների վրա, որոնք Մոսկվայի հետ հարաբերություններ են պահպանում։
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ չի հասկանում, թե ինչու չինացի և հարավաֆրիկյան գործընկերների հետ զորավարժությունները կարող են հանգեցնել հասարակության «խառն արձագանքի», քանի որ, օրինակ, Չինաստանի ափերի մոտ ԱՄՆ-ի վարժանքները որևէ մեկի մոտ հարցեր չի առաջացնում։
ՉԺՀ-ի Դիվանագիտական ակադեմիայի ռազմավարությունների և խաղաղության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սու Հաոյի խոսքով՝ ՀԱՀ-ի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ վարժանքները մտահոգում են ԱՄՆ-ին, քանի որ այդ երկիրը վախենում Է կորցնել վերահսկողությունը Հնդկական օվկիանոսում. Վաշինգտոնը սպառնալիք է համարում Պեկինի ցանկացած սերտ համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհի» և, հատկապես, Ծովային մետաքսի ճանապարհի երկայնքով գտնվող տարածքներում: