ԱՄՆ վարչակազմը շարունակում է աշխատել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ

Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործընթացը գտնվում է ԱՄՆ պետքարտուղարի ուշադրության կենտրոնում:

Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

«Այս վարչակազմը, մենք շարունակում ենք աշխատել Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ: Դրա վրա բավական կենտրոնացած է նաև անձամբ պետքարտուղարը: Եվ հետևաբար, մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը մեզ կօգնի հասնել կայուն խաղաղության», – ասել է Պատելը:

Դիվանագետին նաև հարց են ուղղել՝ արդյոք Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը տվյալ պաշտոնում է նշանակվել արդեն ավելի քան երկու շաբաթ առաջ, չի պատրաստվում մեկնել տարածաշրջան: Դիվանագետը նշել է, որ նրա այցի համար խոչընդոտներ չկան, սակայն ճանապարհորդությունների ծրագրերի մասին առայժմ տեղեկություններ չկան:

 

Տեսանյութեր

Լրահոս