Բաժիններ՝

ՊԵԿ-ը կանխել է Դուբայ-Երևան չվերթով ադամանդների անօրինական տեղափոխման դեպք

Դուբայ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին, կազմակերպության կողմից տրված լիազորագրով, ժամանակավոր պահպանության է հանձնել շուրջ 3367.2 կարատ մշակված ադամանդ՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի։

Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, մաքսային ծառայողի հարցին՝ արդյոք քաղաքացու մոտ առկա են հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ, վերջինս կողմից նշվել է, որ հայտարարագրման ենթակա այլ ապրանքներ չկան։

Մաքսային մարմնի կողմից կիրառվել է «Մաքսային տեսազննում» մաքսային հսկողության ձևը։ Տեսազննման սարքի պատկերի վերլուծության արդյունքում, մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների տեղափոխման վերաբերյալ հիմնավոր կասկածներ ունենալով` ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնի մաքսային ծառայողների կողմից մաքսային զննման են ենթարկվել վերոնշյալ քաղաքացու ուղեբեռները։

Ուղեբեռների մաքսային տեսազննման արդյունքում վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել են ընդհանուր 3 գր կշռով թափանցիկ ադամանդանման քարեր, որոնք թաքցված են եղել փղե արձանիկում առկա 2 պոլիէթիլենային տոպրակի մեջ:

Ճամպրուկի մեջ առկա ջինսե տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակների մեջ թաքցված 1 թափանցիկ ադամանդանման քար՝ ընդհանուր մինչև 1 գր կշռով և խաղալիք ավտոմեքենայի տուփի տակի հատվածում թաքցրած թանկարժեք քարերի ստանդարտների համապատասխանության սերտիֆիկատ։

Ձեռքի պայուսակի մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու դրամապանակի գրպանիկում առկա են 2 պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցված թափանցիկ ադամանդանման քարեր՝ ընդհանուր մինչև 4 գր կշռով։

Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով. այն է` Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով։ Նշված խախտումը հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը:

Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար` գործի նյութերն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս