Բայդենի բժիշկը հայտնել է, որ նախագահն առողջ է և կարող է կատարել իր պարտականությունները
Բայդենի առողջական վիճակը լիովին թույլ է տալիս նրան առանց սահմանափակումների կատարել Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները։ Այս մասին ասվում է նախագահի բուժող բժիշկ Քևին Օ’Քոնորի եզրակացության մեջ, որը հինգշաբթի հրապարակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամերիկացի առաջնորդի հերթական բժշկական զննության արդյունքներով։
«Նախագահ Բայդենը մնում է առողջ և եռանդուն 80-ամյա տղամարդ, որն ի վիճակի է հաջողությամբ կատարել իր պարտականությունները որպես նախագահ, ինչպես նաև կառավարության գործադիր ճյուղի ղեկավարի, պետության ղեկավարի և գերագույն հրամանատարի պարտականությունները», – ասվում է տեքստում։
Օ’Քոնորի խոսքով՝ նախագահն «իր բոլոր պարտականությունները կատարում է առանց բացառությունների կամ վերապահումների»։
Ինչպես նշել է բժիշկը, բուժզննման ընթացքում կատարվել է նաև մաշկի քաղցկեղի թեստ։
«Հայտնի է, որ նախագահ Բայդենը երիտասարդ տարիքում շատ ժամանակ է անցկացրել արևի տակ», – ասվում է փաստաթղթում։ «Նախագահի կրծքավանդակի մաշկի հյուսվածքի մի փոքր կտոր այսօր հեռացվել է և ուղարկվել ավանդական բիոպսիայի», – ասել է Օ’Քոնորը:
Բացի այդ, ինչպես նշել է բժիշկը, նախագահի մոտ երբեմն ի հայտ են գալիս գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի նշաններ: Խոսքը, մասնավորապես, հաճախակի հազի մասին է։ Բժշկի խոսքով՝ նախագահը «ստիպված է ավելի հաճախ մաքրել կոկորդը», իսկ «ախտանշանները սովորաբար վատանում են ուտելուց հետո»։ Սրա դեմ նա դեղորայք է ընդունում։