Թուրքիայում ընտրությունները կարող են հետաձգվել վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով
Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը (YSK) կարող է հանդես գալ այս տարի երկրում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունները վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով հետաձգելու նախաձեռնությամբ:
Ընտրությունների հետաձգումը պայմանավորված կլինի Թուրքիայում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով ստեղծված իրավիճակով:
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում համընդհանուր ընտրությունները (ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական) կանցկացվեն 2023 թվականի մայիսի 14-ին:
Էրդողանը նշել էր, որ կառավարությունը խորհրդարանին կառաջարկի ընդունել այս ամսաթիվը, իսկ մերժման դեպքում ինքը կօգտագործի նախագահի լիազորությունները, որոնք բավարար են խորհրդարանը ցրելու և հրամանագրից 60 օր հետո արտահերթ ընտրություններ նշանակելու համար: