
Ովքեր են հրաժարվում «իշխանության ՄԻՊ» աշխատել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի ՄԻՊ աշխատած Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն արդեն քսան օրից ավելի թափուր է: Ավելին, այս ընթացքում երկու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Որպես ՄԻՊ հավանական թեկնածու շրջանառվում են ամենատարբեր անուններ, սակայն ՔՊ-ն այդպես էլ չի կարողանում թեկնածու ներկայացնել ԱԺ: Բանն այն է, որ այս պահի դրությամբ գրեթե բոլորը, որոնց դիմել են իշխանությունները, հրաժարվել են առաջադրվել: Մամուլն արդեն գրել է, որ ի մասնավորի հրաժարվել է Արտակ Զեյնալյանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջարկ են ստացել նաև ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի քույրը՝ իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանը, որոնք, սակայն, նույնպես հրաժարվել են:
Բանն այն է, որ մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ն բոլոր թեկնածուների առջև պայման է դնում, որ չպետք է շեղվեն «Նիկոլի գծից», լինեն հլու-հնազանդ, ինքնագործունեությամբ չզբաղվեն: Մեր տեղեկություններով, նշյալ անձինք պարզապես իմաստ չեն տեսնում կեղտոտվել և անիմաստ մտնել նման պատասխանատվության տակ»: