Արարատ Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Թուրքիայի Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը կարճատև զրույց է ունեցել փրկարարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ադըյամանում աշխատող Հայաստանի փրկարարական ջոկատի ղեկավար, կապիտան Վահե Գևորգյանն ընդգծեց, որ բոլորը գոհ են հայ փրկարարների կատարած աշխատանքից: «Բոլորը մոտենում են մեզ, շնորհակալություն են հայտնում: Նաև զարմանում են, որ Հայաստանից ենք եկել, այդ դեպքում շնորհակալությունը կրկնապատկվում է: Կարելի է ասել, որ մենք անթերի աշխատանք ենք կատարել, որովհետև կարողացել ենք մյուս պետությունների փրկարար ծառայողների հետ արդյունավետ աշխատել»,- ասաց Գևորգյանը:
Նա հավելեց, որ կարողացել են մարդկային կյանքեր փրկել, եղել են դեպքեր, երբ փլատակներից դիեր են դուրս բերել:
Կապիտան Գևորգյանը հայտնեց, որ եղել են դեպքեր, երբ իրենց Ադըյամանի հայ բնակիչներ են մոտեցել և շնորհակալություն հայտնել: