Բաժիններ՝

Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցությունները և զենքի մատակարարումները չեն հակասում մեկը մյուսին. Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այն կարծիքին է, որ զենքի մատակարարումները և Ուկրաինայի հարցում դիվանագիտական ​​ջանքերը կարող են տեղի ունենալ զուգահեռաբար։

Բորելը նման հայտարարություն է արել՝ Ֆրանսիայում կայացած լիագումար նիստում հանդես գալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև։

«Խաղաղության հասնելու համար մենք պետք է շարունակենք Ուկրաինային ավելի շատ ռազմական աջակցություն ցուցաբերել, քան մինչ այս ցուցաբերել ենք: Սա կլինի իմ հիմնական ուղերձներից մեկը: Խաղաղություն ձեռք բերելու համար նախ պետք է հաղթել պատերազմում։ Կարելի է ռազմական առումով օգնել Ուկրաինային և միևնույն ժամանակ գործադրել բոլոր անհրաժեշտ դիվանագիտական ​​ջանքերը, որպեսզի խաղաղությունը հնարավորինս շուտ գա։ Այս երկուսն այլընտրանքային կամ իրար հակասող բաներ չեն, հարկավոր է այդ երկուսը միաժամանակ անել», – ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը:

Կոչ անելով Ուկրաինային զենք մատակարարել` եվրոպական դիվանագիտության ղեկավարը փաստարկ Է բերել այն մասին, որ «երրորդ համաշխարհային պատերազմ տեղի չի ունեցել տանկեր ուղարկելու մասին հայտարարությունից հետո»։ Ի դեպ, Բորելը շեշտել է, որ տանկերը դեռ չկան, և դրանց տեղ հասնելու համար ժամանակ կպահանջվի: Իր ելույթի վերջում Բորելը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ռազմական օգնությունը դիվանագիտական ​​ուղիով խաղաղության հասնելու այլընտրանքը չէ: Դրանք կարող են տեղի ունենալ զուգահեռաբար:

«Ես չեմ հասկանում նրանց, ովքեր ասում են, թե բանակցությունների համար անհրաժեշտ է դադարեցնել օգնությունն Ուկրաինային. ընդհակառակը, պետք է այդ երկուսն անել միաժամանակ», – ասել է Բորելը: Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Ռուսաստանը նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Նա նախազգուշացրել է, թե քանի որ Արևմուտքն ավելի ու ավելի շատ հեռահար զենք է մատակարարում Ուկրաինային, ռազմական գործողությունների աշխարհագրական նպատակներն ավելի ու ավելի են հեռանում ներկայիս գծից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս