Բաժիններ՝

Նոր Զելանդիայում ցիկլոնի պատճառով կա առնվազն 4 զոհ, տանիքների վրայից հաջողվել է փրկել հարյուրավոր մարդկանց

Նոր Զելանդիայի պաշտոնյաները հայտնում են, որ առնվազն 4 մարդ, այդ թվում՝ 1 երեխա է մահացել «Գաբրիել» ցիկլոնի ավերածությունների հետևանքով. ցիկլոնը լուրջ ջրհեղեղների և սողանքների պատճառ է դարձել Հյուսիսային կղզում:

Չորեքշաբթի օրը նորզելանդացի պաշտոնյաները հաստատել են, որ ամենաշատ տուժած շրջաններից մեկում՝ Հոքս Բեյում, երեխայի դի է հայտնաբերվել: Սողանքի զոհ դարձած հրշեջի մարմինը ևս հայտնաբերվել է:

Միևնույն ժամանակ, փրկարարական ուղղաթիռները փրկել են տանիքներ բարձրացած գրեթե 300 մարդու։

Ցիկլոնը հեռացել է Նոր Զելանդիայից, սակայն այսօրվա դրությամբ շուրջ 10 500 մարդ դեռ տեղահանված է:

Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսը հայտարարել է, որ կան նաև «մի քանի անհետ կորածներ, որոնց առնչությամբ ոստիկանությունը լուրջ մտահոգություններ ունի»:

Չնայած անձրևը հիմնականում դադարել է, սակայն հեռավոր շատ քաղաքներ և տարածքներ հեղեղումների և էլեկտրական հոսանքի բացակայության պատճառով կտրված են արտաքին աշխարհից:

Երկրի վարչապետը «Գաբրիել» ցիկլոնն անվանել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ամենամեծ եղանակային իրադարձությունը վերջին 100 տարիների ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս