Պետությունն իր վրա կվերցնի թոշակառուների առողջության ապահովագրումը, իսկ միջինից ցածր աշխատավարձ ունեցողների ապահովագրավճարի որոշ մասը կսուբսիդավորի
Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի փուլային եղանակով, 2024 թվականից պետությունը կապահովագրի պետպատվերի շահառուներին, 2025-ից՝ թոշակառուներին, իսկ 2027-ին բոլոր քաղաքացիները պետք է ապահովագրեն իրենց առողջությունը՝ ամսական ապահովագրավճար վճարելու եղանակով: Իսկ եթե քաղաքացու աշխատավարձը միջինից ցածր լինի, պետությունը կսուբսիդավորի ապահովագրավճարի որոշ մասը: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փետրվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը ներդրվելու է փուլային եղանակով:2024 թվականից պետական պատվերի բոլոր շահառուների համար կսկսի գործել համակարգը: Կունենանք մեկ ապահովագրական փաթեթ՝ պետության կողմից ապահովագրված շահառուների համար»,-ասաց Ավանեսյանը:
Զուգահեռ կգործի կամավոր ապահովագրման համակարգը, այսինքն՝ քաղաքացին, որը կցանկանա կամավոր միանալ համակարգին, ամսական վճարների միջոցով կարող է ներգրավվել: «2025 թվականից պետության կողմից կապահովագրվեն թոշակառուները, ովքեր ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։ Պետությունն իր վրա կվերցնի թոշակառուների ապահովագրման այդ կարևոր մասը: 2026-ին կամփոփենք: 2027թ.-ից արդեն կգործի համապարփակ, պարտադիր ապահովագրությունը՝ բոլորի համար»,-ասաց Ավանեսյանը:
Ապահովագրական փաթեթը ներառելու է հետազոտություններից մինչ վիրահատություններ, նույնիսկ դեղորայք: Այն չի ծածկելու պլաստիկ վիրահատությունները: Չի լինելու եկամտից կախված վճարային համակարգ: Ապահովագրավճարը հաստատուն թիվ է լինելու, տարեկան գումարը բաժանվելու է ամիսների վրա, և քաղաքացին ամսական վճարում է կատարելու: Աշխատող քաղաքացիների համար այդ վճարները կգանձվեն հարկային գործակալի, այսինքն՝ գործատուի կողմից: Իսկ այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն և այն խմբում չեն, որոնց համար պետությունը պետք է վճարի, ապա քաղաքացին ինքը պետք է անի ամսական վճարումը: «Եթե քաղաքացին հայտարարագրի իր եկամուտները, և պարզվի, որ նրա եկամուտը միջին աշխատավարձից ցածր է, ապա պետությունը կսուբսիդավորի նրա ապահովագրավճարի որոշ չափը»,-նշեց նախարարը: Իսկ մինչև 18 տարեկան երեխաները, քանի պետպատվերի շահառու են, ապա նրանց ևս կապահովագրի պետությունը: Հիվանդանոցները պետք է բավարարեն որոշակի չափանիշների, նրանց հետ պետությունը կկնքի պայմանագրեր: