Բրազիլիայի նախկին նախագահը մտադիր է մարտին վերադառնալ երկիր և գլխավորել ընդդիմությունը
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն հայտարարել է, որ պլանավորում Է մարտին վերադառնալ Բրազիլիա՝ գլխավորելու նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի քաղաքական ընդդիմությունը:
«Աջ շարժումը չի մահացել և շարունակելու Է ապրել», – ասել է նա Բրազիլիայից Ֆլորիդա հեռանալուց հետո իր առաջին հարցազրույցում։ Բոլսոնարուն նաև հայտնել է, որ հաջորդ ամիս կվերադառնա Բրազիլիա, որպեսզի իրեն պաշտպանի երկրում հունվարին սկիզբ առած անկարգությունները հրահրելու մեղադրանքներից:
Նախկին նախագահի խոսքով՝ անկարգությունները «ցանկանում են իր վզին փաթաթել», թեև ինքը նույնիսկ երկրում չի եղել։ Բոլսոնարուն, որը չի ընդունել իր պարտությունն ընտրություններում, ավելի չափավոր կերպով է քննադատել ընտրությունների արդյունքները: «Պարտվելն ընտրական գործընթացի մի մասն է:
Ես չեմ ասում, որ եղել է խարդախություն, սակայն գործընթացը կողմնակալ է եղել», – ասել է նա։ Բրազիլիայի նախկին նախագահը դեկտեմբերի 31-ին ԱՄՆ է ժամանել դիվանագիտական վիզայով, որի ժամկետը լրացել է հունվարի 31-ին։ Նրա փաստաբանների խոսքով՝ նա ավելի վաղ զբոսաշրջային վիզա է խնդրել, որպեսզի հնարավորություն ունենա մնալ ԱՄՆ-ի տարածքում։ Բրազիլիայում հունվարի 1-ին տեղի է ունեցել նոր նախագահի՝ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողությունը։
Բոլսոնարուն ներկա չի գտնվել արարողությանը երկրում չգտնվելու պատճառով։ Հունվարի 8-ին նախկին նախագահի կողմնակիցները երկրի մայրաքաղաք Բրազիլիայում ներխուժել էին կառավարական շենքեր, այդ թվում՝ Կոնգրես, Գերագույն դատարան և նախագահի նստավայր։ Ցուցարարները կոտրել էին պատուհանների ապակիները, վնասել կահույքը, արվեստի ստեղծագործությունները, դեկորները, հեռուստացույցներն ու համակարգիչները, ոչնչացրել փաստաթղթերը։ Բոլսոնարուի կողմնակիցները չեն ճանաչում նրա պարտությունն անցյալ տարվա ընտրություններում և պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով նախկին նախագահի վերադարձն իշխանության։