Բաժիններ՝

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի ձեռնարկությունների և քաղաքացիների դեմ

Նոր Զելանդիայի կառավարությունը հայտարարել է, որ նոր պատժամիջոցներ Է սահմանում Իրանի քաղաքացիների և ձեռնարկությունների դեմ։

Այս մասին տեղեկանում ենք Նոր Զելանդիայի արտգործնախարար Նանաիյա Մահութայի հայտարարությունից, որը հրապարակվել է երկրի կառավարության կայքում: Ըստ հայտարարության՝ նոր պատժամիջոցները կվերաբերեն քաղաքացիների և կազմակերպությունների, որոնք, Վելինգթոնի կարծիքով, մասնակից են Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ մատակարարումներին:

Պատժամիջոցները կտարածվեն նաև անցյալ տարվա աշնանն Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ճնշման պատասխանատուների վրա։ «Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու Ռուսաստանին մատակարարումը սպառնում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ռուսաստանի պատերազմի մեքենայի վրա ճնշում գործադրելու համար մենք պատժամիջոցներ ենք կիրառում Իրանի ութ քաղաքացիների և ձեռնարկությունների նկատմամբ:

Նրանց ակտիվները կսառեցվեն, կկիրառվեն ճանապարհորդության արգելքներ և կսահմանափակվի Նոր Զելանդիայում որևէ մեկի հետ առևտրային գործունեության հնարավորությունը», – նշել է Մահութան։ Նախարարը պարզաբանել է, որ նոր պատժամիջոցների ցանկում ներառվել են զենքի մշակման ու արտադրության հետ կապված ձեռնարկությունների ղեկավարներ, ինչպես նաև Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մոհամմադ Ալավին։

Բացի դրանից, Մահութան հայտնել է, որ Նոր Զելանդիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի քաղաքացիների նկատմամբ, ովքեր «պատասխանատու են մարդու իրավունքների այն խախտումների համար, որոնք կապված են Մահսա Ամինիի մահից հետո տեղի ունեցած բողոքի ակցիաների ճնշման, ինչպես նաև դրանց հետ կապված մահապատիժների հետ»։

«Մենք ընդլայնել ենք պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը՝ այնտեղ ներառելով Իրանի արդարադատության համակարգի և բարքերի ոստիկանության աշխատակիցների, ինչպես նաև իրավապահ մարմինների ղեկավարների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների»,- հայտնել Է ԱԳՆ ղեկավարը։

Պատժամիջոցների ցուցակում հայտնվելը նշանակում է ակտիվների սառեցում Նոր Զելանդիայում, երկրի տարածք մուտքի և դրա տարածքով տարանցման սահմանափակում, ինչպես նաև Նոր Զելանդիայի քաղաքացիների կամ ընկերությունների համար ցանկում ներառված ձեռնարկությունների և անձանց հետ գործարար կապեր հաստատելու արգելք:

Ներկայում Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի 44 քաղաքացիների (յոթի դեմ՝ կապված Ուկրաինայի իրադրության և 37-ի դեմ՝ Իրանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտման առնչությամբ) և հինգ ձեռնարկությունների նկատմամբ (Ռուսաստանին, ենթադրաբար, ԱԹՍ-ների մատակարարումների պատճառով):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս