Բաժիններ՝

ԱՄՆ զինվորականները խոցված չինական օդապարիկի բեկորներում հայտնաբերել են սենսորներ և էլեկտրոնիկա

Ամերիկացի զինվորականներն Ատլանտյան օվկիանոս ընկած չինական օդապարիկի բեկորներում հայտնաբերել են սենսորներ և էլեկտրոնիկա:

«Մասնագետների խմբերին հաջողվել Է պատահարի վայրում գտնել զգալի քանակությամբ բեկորներ, ներառյալ՝ բոլոր հիմնական սենսորները և էլեկտրոնային բաղադրիչները, ինչպես նաև կառուցվածքի խոշոր մասեր», – նշված է ԱՄՆ Զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության հայտարարության մեջ։ Հայտարարությունում նշվում է նաև, որ Հարավային Կարոլինայի մերձակայքում որոնողական աշխատանքները շարունակվում են՝ չնայած վատ եղանակը խանգարում է ծովի տակ իրականացվող որոնումներին:

Փետրվարի 2-ին Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները երկրի մայրցամաքային հատվածի օդային տարածությունում հետախուզական օդապարիկ են հայտնաբերել: Այն փետրվարի 4-ին խոցվել է ԱՄՆ-ի զինվորականների կողմից Հարավային Կարոլինայի նահանգի ափերի մոտ՝ ԱՄՆ օդային տարածության սահմաններում: Չինաստանը հերքել է, որ խոցված օդապարիկն օգտագործվում էր լրտեսական նպատակներով: Ըստ Պեկինի՝ դա եղել է քաղաքացիական թռչող սարք, որն օդերևութաբանական հետազոտություններ էր կատարում և շեղվել էր ուղուց:

Այս միջադեպից հետո Հյուսիսային Ամերիկայի օդային տարածքում ևս 3 թռչող օբյեկտ է խոցվել: Փետրվարի 12-ին Հուրոն լճի երկնքում F-16 կործանիչը խոցել էր ութանկյունի տեսք ունեցող թռչող օբյեկտ: Փետրվարի 11-ին անհայտ թռչող օբյեկտ էր խոցվել Կանադայի հյուսիսում, իսկ փետրվարի 10-ին անհայտ օբյեկտ էր խոցվել Ալյասկայի օդային տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս