Բաժիններ՝

Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը տարածաշրջանային համաժողովներ անցկացնելու որոշում է ընդունել

«Նոյան տապան» լրատվական գործակալության գրասենյակում կայացել է Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը, գործակալության նախկին տնօրեն Արամ Անանյանը, 168 ժամ թերթի գլխավոր խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ Միքայել Հաճեանը, «Ազգ» օրաթերթի հիմնադիր Հակոբ Ասատրյանը, «Նոյան տապան» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանը:

Նիստի մասնակիցներն ընդգծեցին շրջափակված Արցախի մասին հայկական բոլոր լրատվամիջոցների առօրյա արձանագրումների կարևորությունը, միջազգային հանրությանը օտարալեզու թողարկումներով իրավիճակի մասին տեղեկացնելու հարցի էությունը, Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականությունը մերկացնելու անհրաժեշտությունը:

Մասնակիցները կարևորել են նաև այսօրվա պայմաններում տեղեկատվության ոլորտում համագործակցությունը վերաարժևորելու և լրատվական ցանցային համակարգը նպատակաուղղված գործարկելու հրամայականը: Որոշվել է հետհամավարակային ժամանակահատվածում խորհրդի հանդիպումների ձևաչափը վերականգնել և աշխատանքային հարթակները վերաձևավորել:

Հանդիպման ընթացքում արծարծվել է տարածաշրջանային համաժողովներ կազմակերպելու հարցը: Առաջին տարածաշրջանային համաժողովը տեղի կունենա Լիբանանում: Միջին Արևելքի տարածաշրջանի համար նախատեսված համաժողովի մանրամասները շուտով կհրապարակվեն: Համակարգող խորհրդի նիստերը կգումարվեն թե առցանց, թե դեմ առ դեմ հանդիպումների ձևաչափերով: Լրատվամիջոցների խմբագիրները կարող են ուղարկել իրենց առաջարկները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս