
Տիգրան Խաչատրայնն ու ՌԴ դեսպանն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Տիգրան Խաչատրյանն իր խոսքում բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ հաստատված սերտ համագործակցությունը եւ կարեւորել հատկապես տնտեսական ուղղություններով հարաբերությունների զարգացումը։
Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է փոխվարչապետին նշանակման առթիվ եւ հայտնել ռուսական կողմի պատրաստակամությունը՝ բոլոր ոլորտներում համագործակցություն ծավալելու մասին՝ ձեւավորված արդեն 30-ամյա գործընկերային հարաբերությունների ավանդույթների վրա:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ընթացիկ օրակարգին, կարեւորել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաեւ հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առեւտրաշրջանառության աճող ծավալները եւ կառուցվածքը։