ԱՄՆ-ն զորավարժություններ է անցկացրել Հարավչինական ծովում՝ Չինաստանի հետ լարվածության ֆոնին
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ու Ծովային հետևակի կորպուսը համատեղ վարժանքներ են սկսել Հարավչինական ծովում: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ-ի յոթերորդ նավատորմի հայտարարությունը:
Զորավարժություններին մասնակցել են ավիակիր հարվածային խումբը՝ Nimitz ավիակիրի գլխավորությամբ, և ծովային հետևակների 13-րդ Էքսպեդիցիոն ստորաբաժանումը։ Հայտարարությունում նշվում է, որ շաբաթ օրն անցկացված զորավարժություններին մասնակցել են նավեր, ցամաքային ուժեր և ինքնաթիռներ, սակայն չի հստակեցվում, թե երբ են մեկնարկել զորավարժությունները, և արդյոք դրանք ավարտվել են։ AP-ն հիշեցնում է, որ թեև վարժանքները պլանավորել Էին նախօրոք, սակայն դրանք սկսվել են Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև լարվածության աճի ֆոնին. լարվածությունը սրվել է անցյալ շաբաթ, երբ ամերիկյան օդային տարածքում չինական հետախուզական օդապարիկ էր հայտնվել, որը խոցվել էր ԱՄՆ զինվորականների կողմից:
Չինաստանը պնդում է, որ օդապարիկը եղել է օդերևութաբանական և իր ուղեգծից շեղվել է պատահմամբ: Օդապարիկի շուրջ բարձրացած աղմուկի պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել է իր այցը Պեկին: Բացի այդ, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը սրվել է ԱՄՆ-ի և Ֆիլիպինների միջև պաշտպանական ոլորտում համագործակցության ուժեղացման հետևանքով:
Գործակալությունը նշում է, որ Ֆիլիպինների կղզիները և ձկնորսությամբ զբաղվող ընկերությունները ոտնձգությունների են ենթարկվում Չինաստանի առափնյա պահպանության ծառայության կողմից: Միևնույն ժամանակ, Ֆիլիպինների իշխանություններն այսօր չինական նավի անձնակազմին մեղադրել են Ֆիլիպինների առափնյա պահպանության Malapascua նավի նավաստիներին լազերով կուրացնելու մեջ:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 6-ին Հարավչինական ծովի ջրատարածքի վիճելի մասում: Չինաստանը և ԱՍԵԱՆ-ի (Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիա) անդամները՝ Ֆիլիպինները, Մալայզիան, Բրունեյը, Վիետնամը, տարածքային վեճեր ունեն Հարավչինական ծովում գտնվող Սփրաթլի արշիպելագի (չինական անվանումը՝ Նանշա) շուրջ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը դաշնակցային հարաբերություններով կապված է առանձին տարածաշրջանային տերությունների հետ և Չինաստանի հետ վեճերում պաշտպանում է նրանց դիրքորոշումը։